Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին մտադիր է փակել Ռայքերս կղզու բանտը և այն փոխարինել 4,1 հազար ընդհանուր տարողությամբ մի քանի շրջանային բանտերով։ Սակայն այս ծրագիրը կարող է հանգեցնել սպանությունների և այլ բռնի հանցագործությունների մեջ մեղադրվող ավելի քան հազար անձի ազատ արձակմանը։ Այս մասին New York Post-ում հրապարակված իր հոդվածում նախազգուշացնում է Քուինս շրջանի նախկին դատախազ Ջիմ Քուինը, որը դատախազության համակարգում աշխատել է 42 տարի։
Քուինի կարծիքով՝ առաջարկվող տարողությունը բավարար չէ 8,5 միլիոն բնակչություն և տարեկան գրեթե 500 հազար գրանցվող հանցագործություն ունեցող Նյու Յորքի համար։
Մամդանիի ծրագիրը նախատեսում է արագացնել քրեական գործերի քննությունը, ընդլայնել այլընտրանքային պատժամիջոցների կիրառումը և դյուրացնել գրավի դիմաց ազատ արձակվելու կարգը։ Սակայն հեղինակը պնդում է, որ նման քայլեր արդեն ձեռնարկվել են վերջին մեկ տասնամյակում և չեն լուծել բանտերի գերբեռնվածության խնդիրը։
Քուինի տվյալներով՝ ներկայումս Ռայքերս կղզում պահվում է 6640 մարդ։ Նրանցից շուրջ 1100-ն արդեն դատապարտված են և սպասում են այլ բանտեր տեղափոխվելուն, կամ էլ պատկանում են բանտարկյալների այնպիսի խմբերի, որոնց քաղաքային իշխանությունները պարզապես չեն կարող վաղաժամկետ ազատ արձակել։ Այսպիսով, դատավարությանը սպասող 5606 մեղադրյալի համար առաջարկվող համակարգում կմնա մոտ 3 հազար տեղ։
Հեղինակի ներկայացրած տվյալների համաձայն՝ դատավարությանը սպասողներից 1433-ը մեղադրվում են սպանության, իսկ ևս 2625-ը՝ ծանր բռնի հանցագործությունների մեջ, այդ թվում՝ սպանության փորձի, կողոպուտի, բռնաբարության, զենքի ապօրինի պահման և հարձակման։ Ընդհանուր առմամբ դա կազմում է 4058 մարդ՝ գրեթե նոր շրջանային բանտերի ողջ տարողության չափ։
«Ընդամենը 3 հազար ազատ տեղի պայմաններում ստիպված կլինեն ազատ արձակել սպանությունների կամ բռնի հանցագործությունների մեջ մեղադրվող մոտ հազար մարդու»,- պնդում է Քուինը։
Բացի այդ, նրա հաշվարկներով՝ նոր բանտերում տեղ չի մնա ոչ բռնի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող 1282 և մանր իրավախախտումների մեջ մեղադրվող 269 անձի համար։ Հեղինակն ընդգծում է, որ խոսքը պարտադիր չէ, որ վերաբերի օրենքն առաջին անգամ խախտած մարդկանց. Նյու Յորքի՝ 2019 թվականին ընդունված և ավելի ուշ լրամշակված գրավի մասին օրենսդրության բարեփոխումների համաձայն՝ ոչ բռնի հանցագործությունների մեջ մեղադրվող մի շարք անձանց նկատմամբ գրավ նշանակելու հնարավորությունը սահմանափակված է որոշակի պայմաններով, այդ թվում՝ նախկին դատվածություններով և ազատ արձակման պայմանների խախտումներով։
Քուինը քննադատում է նաև քաղաքի դատական համակարգի վիճակը։ Նրա տվյալներով՝ 2019 թվականից ի վեր Նյու Յորքում չքննված քրեական գործերի թիվն ավելացել է 13 253-ով կամ 41%-ով, մինչդեռ նահանգի մնացած հատվածում աճը կազմել է ընդամենը 862 գործ։ Դատաքննության ժամկետների խախտման պատճառով կարճված գործերի քանակը քաղաքում, հեղինակի պնդմամբ, աճել է 620%-ով՝ 8282-ից հասնելով 59 572-ի։
Հեղինակը ներկայիս խնդիրները կապում է նաև գրավի օրենսդրության բարեփոխման և COVID-19 համավարակի ընթացքում բանտարկյալների ազատ արձակման հետ՝ պնդելով, որ այդ քայլերից հետո հանցավորությունն աճել է։ Նրա խոսքով՝ հանցավորության ներկայիս մակարդակը շարունակում է 20%-ով բարձր մնալ գրավի բարեփոխումից առաջ գրանցված ցուցանիշից։
Քուինը կարծում է, որ Մամդանիի ծրագիրը կրկնում է նախկին քաղաքապետերի նախաձեռնությունները և հաշվի չի առնում տեղերի պակասի ռիսկերը։ Նա դեմ չէ շրջանային բանտերի կառուցմանը, սակայն առաջարկում է Ռայքերս կղզում պահպանել 5 հազար տեղանոց պահեստային բանտ՝ բարեփոխման ձախողման դեպքում։





























