Դանիայի իշխանությունները կանխել են ուկրաինացի ռեփերի դեմ ենթադրյալ մահափորձը, որը, քննության վարկածով, նախապատրաստվել էր ռուսական հետախուզության պատվերով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է երկրի վարչապետի աշխատակազմը, փոխանցում է Reuters-ը։
Ի պատասխան՝ Կոպենհագենն արտաքսել է Ռուսաստանի ռազմական կցորդին, հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։
Դանիայի ոստիկանության տվյալներով՝ ենթադրյալ մահափորձի գործով կալանավորվել է երկու անձ, որոնց կապում են երկրում արգելված Loyal to Familia հանցավոր խմբավորման հետ։ Դանիական DR հեռուստառադիոընկերությունը, հղում անելով դատական նիստի նյութերին, հայտնել է, որ տղամարդիկ կասկածվում են Դանիայում նախատեսված ելույթից առաջ ուկրաինացի ռեփեր Kyivstoner-ին սպանելու նպատակով հավաքագրվելու մեջ։
Քննության վարկածով՝ ոստիկանները խափանել են ենթադրյալ դավադրությունը՝ կասկածյալներին ձերբակալելով սեպտեմբերի 25-ին նախատեսված համերգից կարճ ժամանակ առաջ։ Ելույթը հետագայում չեղարկվել է։ Տղամարդկանց կանգնեցրել են ավտոմեքենայի մեջ, որտեղ հայտնաբերվել է մի քանի միավոր զենք։
Գործի մանրամասները դեռևս ամբողջությամբ պարզ չեն։ Մասնավորապես, չի հաղորդվում, թե ինչպես է ոստիկանությունը դուրս եկել կասկածյալների հետքի վրա և ինչպես է քննությունն ընդգրկել ևս երկու տղամարդու, որոնց Kyivstoner-ի դեմ ենթադրյալ դավադրությանը մասնակցելու մեղադրանք չի առաջադրվել։ DR-ի տվյալներով՝ չորսն էլ սեպտեմբերից գտնվում են կալանքի տակ։ Չի բացահայտվում նաև, թե ինչպես են ռուսական հատուկ ծառայությունները ենթադրաբար հավաքագրել երկու դանիացիներին։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը տեղի ունեցածն անվանել է երկրի և Եվրոպայի անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի վկայություն։
«Սա ակնառու կերպով ցույց է տալիս, թե անվտանգության ինչպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել Դանիայում և Եվրոպայում։ Մենք գործ ունենք մի Ռուսաստանի հետ, որը գտնվում է ճնշման տակ, գործում է ավելի ու ավելի ագրեսիվ և գնալով ավելի հաճախ է պատրաստ դիմել ռիսկի»,— հայտարարել է նա։
Եվրամիության ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել Դանիային։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ տեղի ունեցածը հարձակում է ԵՄ տարածքում, և ընդգծել է միության համերաշխությունը Դանիայի ու մյուս երկրների հետ, որոնք ենթարկվում են Ռուսաստանի հիբրիդային հարձակումներին։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նույնպես հայտարարել է, որ ռուսական սպառնալիքներն ու ճնշման մեթոդները չեն թուլացնի Ուկրաինային աջակցությունը շարունակելու՝ Եվրամիության վճռականությունը։
Կոպենհագենում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է մեղադրանքները՝ ուրբաթ օրը հայտարարելով, որ դրանք ապացույցներով հիմնավորված չեն։
Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև լարվածության նոր սրման ֆոնին։ Ուրբաթ օրը Լեհաստանի տարածքում ընկել են երկու ռուսական հրթիռ և ենթադրյալ անօդաչու թռչող սարք։ Լեհաստանի վարչապետը ենթադրել է, որ դա կարող էր լինել սադրանք՝ համընկնելով երկրում անցկացվող զորավարժությունների հետ, որոնք կապված են Ուկրաինայում հնարավոր հետպատերազմյան առաքելության նախապատրաստման հետ։





























