ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի պաշտոնաթող սերժանտ-մայոր Բրեդլի Քասալը, որը հայտնի է դարձել Իրաքի պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսությամբ, հայտնվել է քրեական հետաքննության կենտրոնում։

Ինչպես հայտնում է CBS News-ը, հետաքննությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Քասալը Նևադա նահանգի Basic Academy of International Studies պետական դպրոցում աշխատում էր որպես կրտսեր սպաների պահեստազորի պատրաստման ծրագրի (JROTC) հրահանգիչ։

ԱՄՆ ռազմածովային ուժերի քրեական հետաքննությունների ծառայությունը (NCIS) ուսումնասիրում է Քասալի դեմ ներկայացված մեղադրանքները, որոնց բովանդակությունը պաշտոնապես չի բացահայտվում։ Նախկին աշակերտների խոսքով՝ նա հատուկ ուշադրություն էր դարձնում առանձին կուրսանտուհիներին, նրանց տուն էր տանում, հանդիպում էր նրանց հետ դպրոցական միջոցառումներից դուրս, իսկ ոմանց հրավիրում էր իր տուն և ամառանոց։

Նախկին աշակերտուհիներից մեկը պատմել է, որ երբ ինքը 14 տարեկան էր, Քասալն առաջարկել է իրեն որդեգրել։ Աշակերտուհին նաև նշել է, որ իրենց անձնական զրույցներից որոշներն անպատշաճ էին հրահանգչի և անչափահաս աշակերտուհու շփման համար։

Մյուս նախկին կուրսանտները նշել են, որ Քասալն օգնում էր աշակերտներին, վճարում նրանց սննդի և ուղևորությունների համար, արշավներ կազմակերպում և շատ ժամանակ տրամադրում ծրագրին։ Միաժամանակ նրանցից ոմանք համարում էին, որ նա խախտում էր մասնագիտական սահմանները։

JROTC ծրագրի կանոններն արգելում են հրահանգիչներին կուրսանտների հետ անձնական, մտերմիկ կամ սեռական հարաբերություններ հաստատել, անպատշաճ նամակագրություն վարել, աշակերտներին իրենց տուն հրավիրել և, որպես կանոն, անձնական մեքենայով առանձին աշակերտի տեղափոխել։ Քասալը դպրոցում աշխատել է 2018 թվականի օգոստոսից և պաշտոնից հեռացել 2025 թվականի օգոստոսին։

Հետաքննությունը կտրուկ շրջադարձ է դարձել Քասալի կարիերայում։ Նա ծովային հետևակի կորպուսում ծառայել է 34 տարի և արժանացել «Մանուշակագույն սիրտ» երկու մեդալի ու Ռազմածովային խաչի՝ մարտական արիության համար տրվող ամերիկյան երկրորդ բարձրագույն պարգևին (Պատվո մեդալից հետո)։

Քասալը հայտնի է դարձել 2004 թվականին Իրաքում՝ Էլ Ֆալուջայի երկրորդ ճակատամարտի ժամանակ։ Նա յոթ հրազենային վիրավորում է ստացել, իր մարմնով վիրավոր ծառայակցին պաշտպանել նռնակի պայթյունից և հրաժարվել բուժօգնությունից, մինչև օգնություն չցուցաբերվի մյուսներին։

Լուսանկարը, որում ծանր վիրավորված Քասալին դուրս են բերում շենքից, դարձել է ամերիկացի զինվորականների արիության խորհրդանիշներից մեկը։