Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան առաջարկել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեն կրճատել մոտ 204 մլրդ եվրոյով՝ Եվրահանձնաժողովի նախնական ծրագրի համեմատ, հայտնել է dpa-ն։

Փոխզիջումային տարբերակը նախատեսում է նաև խոշոր ընկերությունների համար թվային հարկի ներդրում՝ անդամ պետությունների՝ բյուջե կատարվող ուղիղ վճարումները սահմանափակելու նպատակով։

Առաջարկի համաձայն՝ ընկերությունները, որոնց տարեկան հասույթը ԵՄ-ում թվային գործունեությունից գերազանցում է 50 մլն եվրոն, իսկ համաշխարհային հասույթը՝ 750 մլն եվրոն, պետք է 3 տոկոս հարկ վճարեն համացանցային գովազդից, պլատֆորմային ծառայություններից և օգտատերերի տվյալների դրամայնացումից ստացվող եկամուտներից։

Բյուջեի կրճատումը մասամբ բավարարում է Գերմանիայի և ԵՄ այլ հարուստ երկրների՝ Նիդեռլանդների, Ավստրիայի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պահանջները։

Այս պետությունները համաեվրոպական բյուջե ավելի շատ միջոցներ են վճարում, քան ստանում են դրանից, և պնդում են, որ Եվրահանձնաժողովի առաջարկած ֆինանսավորումը պետք է կրճատվի մի քանի հարյուր միլիարդ եվրոյով։

Կոշտան փոխզիջումային տարբերակը ներկայացրել է շաբաթ օրը Բրյուսելում։ Այժմ առաջարկը պետք է հիմք դառնա Եվրամիության հաջորդ երկարաժամկետ բյուջեի շուրջ հետագա բանակցությունների համար։