Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Ստամբուլում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պատվիրակության հետ՝ քաղբյուրոյի ղեկավար Խալիլ ալ Հայայի գլխավորությամբ, հայտնել է Türkiye-ն։
Կողմերը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի խախտումները, իսրայելական հարձակումներն ու հումանիտար իրավիճակի վատթարացումը։
Անվտանգության ոլորտի աղբյուրների տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են նաև Գազայի հատվածի և Հորդանան գետի Արևմտյան ափի վրա Իսրայելի հաճախակի դարձած հարձակումները, ինչպես նաև Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ ոտնձգությունները։ Մասնակիցները քննարկել են այսպես կոչված «Դեղին գծից» այն կողմ իսրայելական բանակի նոր ռազմական գործողությունները և դրանց հետ կապված հրադադարի խախտումները։
Առանձին ուշադրություն է դարձվել պաղեստինցիների դեմ իսրայելցի վերաբնակների հարձակումներին և պաղեստինյան բնակչությանը սեփական տները լքել ստիպելու փորձերին։ Կողմերը քննարկել են նաև խաղաղության ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որի իրականացումը կասեցվել էր Իսրայելի գործողությունների պատճառով, և Գազայում հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու հնարավոր քայլերը։
Ձմռան մոտենալով պայմանավորված՝ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացումը նույնպես եղել է բանակցությունների թեմաներից մեկը։
Քալընը հաստատել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին և պաղեստինյան ժողովրդին։ Բացի այդ, նա ընդգծել է, որ Անկարան մյուս միջնորդների և գործընկերների հետ շարունակում է աշխատել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու ուղղությամբ։





























