Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Հայաստանի ֆոնդային բորսան և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպել են «Զանգը հնչեցնենք հանուն երեխաների» խորհրդանշական արարողությունը՝ միանալով ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաներ» (SSE) նախաձեռնության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ համաշխարհային արշավին։ Այս տարի արշավն անցկացվում է «Իմ օրը։ Իմ իրավունքները։ Իմ ապագան» խորագրով։ Նոյեմբերի 20-ին և դրան նախորդող շաբաթների ընթացքում աշխարհի 26 ֆոնդային բորսաներ մասնակցում են նախաձեռնությանը՝ կազմակերպելով զանգը հնչեցնելու խորհրդանշական արարողություններ։

2019 թվականից հանդիսանալով ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաներ» (Sustainable Stock Exchanges, SSE) նախաձեռնության անդամ՝ Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ակտիվորեն աջակցում է կապիտալի կայուն և պատասխանատու շուկաների զարգացմանն ուղղված միջազգային ջանքերին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպելով «Հնչեցրո՛ւ զանգը հանուն երեխաների» (Ring the Bell for Children) միջոցառումը՝ AMX-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ բարձրացնելու իրազեկվածությունը երեխաների իրավունքների պաշտպանության, ֆինանսական գրագիտության խթանման և ապագա սերունդների համար առավել ներառական ու կայուն միջավայրի ձևավորման գործում կապիտալի շուկաների և գործարար համայնքի ունեցած դերի վերաբերյալ։

«Զանգը հնչեցնենք հանուն երեխաների» արշավը ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաներ» նախաձեռնության շրջանակում անցկացվող խորհրդանշական արարողությունների շարքի ամենամյա նախաձեռնությունն է։ Ավելի քան տասը տարի այս միջոցառումները մեկտեղում են ֆոնդային բորսաների, ընկերությունների, կարգավորող մարմինների և ներդրողների ջանքերը՝ ընդգծելով կապիտալի շուկաների կարևոր դերը համաշխարհային խնդիրների լուծման գործում։Դրանց թվում են գենդերային հավասարության ապահովումն ու երեխայի իրավունքների պաշտպանությունը։

«Ֆոնդային բորսաները կարևոր դեր ունեն ոչ միայն տնտեսական աճին նպաստելու, այլև առավել պատասխանատու և կայուն ապագա ձևավորելու գործում։ Միանալով «Հնչեցրո՛ւ զանգը հանուն երեխաների» համաշխարհային նախաձեռնությանը՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ ներդրումը ապագա սերնդի մեջ ներդրում է նաև մեր երկրի ապագայի մեջ։ Որպես Հայաստանի ֆոնդային բորսա՝ մենք համոզված ենք, որ վաղ տարիքից ֆինանսական գրագիտության, հավասար հնարավորությունների և պատասխանատու գործարար մշակույթի խթանումը կարող է նպաստել առավել ներառական և դիմակայուն հասարակության ձևավորմանը։ Ուրախ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ Հայաստանում հյուրընկալելու ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաներ»-ի այս կարևոր միջազգային նախաձեռնությունը »,– նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի կառավարման խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«Աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդը երեխաներ են, հետևաբար նրանց շահերը պետք է կարևոր տեղ զբաղեցնեն որոշումների կայացման գործընթացում։ Չէ՞ որ հենց նրանք են վաղվա աշխատողները, նորարարներն ու առաջնորդները։ Ներդրումային յուրաքանչյուր որոշում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է երեխաների կյանքի և բարեկեցության վրա, սակայն որոշումներ կայացնելիս նրանց շահերը հաճախ հաշվի չեն առնվում։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է համագործակցելու մասնավոր հատվածի հետ, որպեսզի համատեղ ջանքերով նպաստենք երեխաների բարեկեցությանը և նրանց համար ավելի լավ ապագա ստեղծենք», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը։

Խորհրդանշական արարողությանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ։ Նրանք միասին մասնակցել են Հայաստանի ֆոնդային բորսայի զանգը հնչեցնելու խորհրդանշական արարողությանը։

«Խորհրդանշական է, որ Երեխաների համաշխարհային օրն անցկացնում ենք հենց երեխաների հետ։ Այս օրը ևս մեկ առիթ է՝ լսելու նրանց և ընդգծելու, որ երեխաների լավագույն շահը պետք է հաշվի առնվի նրանց կյանքի վրա ազդող բոլոր որոշումներում։ Այս առումով կարևորում եմ նաև այսօրվա խորհրդանշական միջոցառման ձևաչափով Հայաստանի ֆոնդային բորսայի ներդրումը։ Միանալով «Զանգը հնչեցնենք հանուն երեխաների» նախաձեռնությանը՝ բորսան երեխաների իրավունքների պաշտպանության հարցը բերում է գործարար համայնքի և ներդրողների օրակարգ՝ ընդգծելով, որ նրանց որոշումները ևս կարող են նպաստել երեխաների բարեկեցությանը», – նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Արշավի մեկնարկին զուգահեռ նախատեսվում է հրապարակել նաև ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաներ» նախաձեռնության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ մշակած «Գործարար և ներդրումային գործունեության ընթացքում երեխաների շահերը հաշվի առնելու գործնական ուղեցույցը»։ Այն ֆոնդային բորսաներին և մասնավոր ընկերություններին գործնական առաջարկություններ է ներկայացնում, թե ինչպես գնահատել իրենց գործունեության ազդեցությունը երեխաների վրա, բացահայտել և կառավարել երեխաների իրավունքներին առնչվող ռիսկերն ու հնարավորությունները, ինչպես նաև հրապարակել այդ ամենի վերաբերյալ տեղեկատվություն։ Առաջարկություններն ընդգրկում են ընկերությունների գործունեության բոլոր ուղղությունները՝ կառավարումից և ռազմավարական պլանավորումից մինչև առօրյա աշխատանք և արժեքի ստեղծման ամբողջ շղթա։

Ուղեցույցի հրապարակումից և զանգը հնչեցնելու խորհրդանշական արարողությունների ավարտից հետո ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաներ» նախաձեռնությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը SSE ակադեմիայի միջոցով վերապատրաստումներ են կազմակերպելու ֆոնդային բորսաների և մասնավոր ընկերությունների համար՝ օգնելով նրանց ուղեցույցի առաջարկությունները կիրառել իրենց աշխատանքում։

Ուղեցույցի հիմքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մշակած՝ երեխաների շահերը հաշվի առնող ներդրումների (Child-Lens Investing, CLI) հայեցակարգն է, որը TIME ամսագիրը ներառել է 2024 թվականի լավագույն նորարարությունների ցանկում։ Այս հայեցակարգն օգնում է ներդրողներին որոշումներ կայացնելիս հաշվի առնել երեխաների իրավունքներն ու շահերը, նպաստել նրանց բարեկեցությանը և հնարավորինս նվազեցնել ներդրումների բացասական ազդեցությունը երեխաների կյանքի վրա։

Երեխաների համաշխարհային օրվա առթիվ նոյեմբերի քսանի երեկոն ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կազմակերպած համերգով՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ին, հրավիրելով հանդիսատեսին խորհելու այն մասին, թե ինչպես են մեր այսօրվա գործողությունները ձևավորում երեխաների ապագան։