«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Իրանում «Բուշեհր» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը դիմացել է ռազմական հարվածների փորձությանը, ատոմային ոլորտում ռուս-իրանական համագործակցությունը պահպանել է իր կայունությունն արտաքին ճնշումների հանդեպ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Այս տարի նախագիծն ամրության փորձություն անցավ ռազմական հարվածների, օդային գրոհների ժամանակ։ Մեր մասնագետների մեծ մասը, Իրանի իշխանությունների հետ համաձայնեցմամբ, լքեց շինհրապարակը», — պատմել է Լիխաչովը «Վեստիի» հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադիր հետևել է իրավիճակի զարգացմանը և միջազգային շփումների ընթացքում նպաստել օբյեկտի և ռուս մասնագետների անվտանգության ապահովմանը։ Լիխաչովն ընդգծել է, որ ԱԷԿ-ի կառուցումը մնում է պետական կորպորացիայի առաջնահերթություններից մեկը։
«Բուշեհր» ԱԷԿ-ը Ռուսաստանի և Իրանի խոշորագույն համատեղ ատոմային նախագիծն է։ Կայանի առաջին էներգաբլոկն Իրանի ազգային էներգահամակարգին միացվել է 2011 թվականի սեպտեմբերին։ «Ռոսատոմը» միջուկային վառելիք է մատակարարում դրա աշխատանքի համար։
Երկրորդ էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2019 թվականի նոյեմբերին։ 2026 թվականի օգոստոսին Լիխաչովը հայտնել էր, որ Իրանում շարունակվում է երկրորդ և երրորդ էներգաբլոկների հիմնական ու օժանդակ շենքերի կառուցումը, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցներում աշխատանքների նախապատրաստումը։





























