Բաթումի քաղաքային դատարանը կազմակերպված հանցավոր խմբի երկու անդամներից յուրաքանչյուրին դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ մարդ առևանգելու, պատանդ վերցնելու և 2,5 մլն թուրքական լիրա (մոտ 128 հազար դոլար) փրկագին շորթելու համար, հայտնել է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազությանը։

Ըստ գործի նյութերի՝ հանցագործությունը կատարվել է 2026 թվականի փետրվարի 4-ին Բաթումում։ Հանցագործները ֆինանսական շահ ստանալու նպատակով մարդ են առևանգել և ավելի քան մեկ շաբաթ նրա հարազատներից գումար են պահանջել՝ ազատ արձակելու դիմաց։ Նրանք սպառնացել են սպանել պատանդին, եթե փրկագինը չվճարվի։

Արդյունքում՝ հանցագործները տուժողին և նրա ընտանիքի անդամներին ստիպել են իրենց փոխանցել խոշոր գումար, ոսկյա զարդեր և այլ անձնական իրեր։

Երկու մեղադրյալները մեղավոր են ճանաչվել Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ շահադիտական դրդումներով անձին յոթ օրից ավելի պատանդ պահելը՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ, ծանրացուցիչ հանգամանքներում ազատությունից ապօրինի զրկելը և կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերի շորթումը։

Դատարանը մեղադրանքի ապացույցները համոզիչ է համարել և երկու ամբաստանյալների նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել մեղադրանքի բոլոր կետերով։