Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրին անվտանգության երաշխիքներ են պետք առաջիկա տասնամյակների համար, այլ ոչ թե ժամանակավոր պաշտպանություն, որը կախված է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հարաբերություններից։ Միևնույն ժամանակ, Կիևը դեռ չի հասկանում, թե դաշնակիցներն ինչ նկատի ունեն ՆԱՏՕ 5-րդ հոդվածի մոդելով երաշխիքներ ասելով։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է լրագրողների հետ զրույցում, փոխանցել է «Европейская правда»-ն։

Զելենսկու խոսքով՝ երաշխիքները պետք է հիմնված լինեն կոնկրետ պարտավորությունների, այլ ոչ թե Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի անձնական հարաբերությունների վրա։

«Մեզ երաշխիքներ են պետք ոչ թե երկու տարով, այլ ընդմիշտ, առնվազն՝ տասնամյակներով։ Նույնիսկ եթե Պուտինը բարեկամություն է անում Թրամփի հետ, ապա եթե Պուտինը երկու տարի վախենա էլ ինչ-որ բան անել, դա մեզ չի բավարարում, դա կայուն խաղաղություն չէ։ Դա երկու տարվա դադար է», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նա ընդգծել է, որ ռուսական ագրեսիայի վերսկսման դեպքում Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի կրկին համախմբել միջազգային աջակցությունը և ամրապնդել բանակը։

Զելենսկին նաև նշել է, որ Կիևը չունի գրավոր առաջարկներ, որոնք թույլ կտային հասկանալ, թե կոնկրետ ինչպես են գործելու Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի օրինակով անվտանգության երաշխիքները։ Այդ հոդվածը նախատեսում է ՆԱՏՕ երկրների հավաքական պաշտպանության սկզբունքը։

«Ուկրաինայի համար առայժմ անհասկանալի է, թե ինչ հավաքականություն է դա, ինչպես է այն պաշտպանելու, և արդյոք պատրաստ է լինելու հակահարված տալ ագրեսորին։ Դա նախատեսված է դաշինքի անդամների համար, իսկ ի՞նչ է նշանակում «նմանությամբ»։ Պատասխանը պետք է լինի ոչ թե խոսքով, այլ թղթի վրա», — ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ Վաշինգտոնին հաջողվել է հասնել նրան, որ Ռուսաստանը պատրաստակամություն հայտնի քննարկել Ուկրաինայի համար ՆԱՏՕ 5-րդ հոդվածի մոդելով անվտանգության երաշխիքները։ Սակայն Զելենսկին կասկած է հայտնել, որ Կիևն ու Վաշինգտոնը միևնույն կերպ են հասկանում նման երաշխիքների բովանդակությունը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան չի ընդունում անվտանգության երաշխիքների շրջանակում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի «քվազիանդամակցության» որևէ ձև։