Իտալիայի ազգային ոստիկանության նախկին ղեկավար Ջանի Դե Ջենարոյին մահացած են գտել Տոսկանայում գտնվող նրա ամառանոցում։ Նա 78 տարեկան էր, հայտնել է Associated Press-ը։
Դատախազությունը հետաքննություն է սկսել նրա մահվան հանգամանքները պարզելու համար։ Նախնական վարկածով՝ խոսքն ինքնասպանության մասին է։ Դիահերձման արդյունքները դեռ չեն ստացվել։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ցնցված է ոստիկանության նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ։
«Ես խորապես ցնցված եմ Ջանի Դե Ջենարոյի ողբերգական մահվան առիթով», — հայտարարել է նա իր գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։
Դե Ջենարոյի նկատմամբ քննություն էր ընթանում Սիցիլիայում կազմակերպված հանցավորության հետ կապված պայթյունի հետաքննության շրջանակում տեղեկությունները ենթադրաբար թաքցնելու գործով։ Հաջորդ ամիս նա պետք է ցուցմունք տար 1992 թվականին Պալերմոյում իրականացված ահաբեկչության գործով։ Այն ժամանակ զոհվել էին բարձրաստիճան դատավոր Պաոլո Բորսելինոն և հինգ ոստիկան։
Ոստիկանության նախկին ղեկավարը կտրականապես հերքում էր ահաբեկչության հետագա հետաքննությանը խոչընդոտելու մեղադրանքները։
Ծառայության ընթացքում Դե Ջենարոն զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ՝ հիմնականում կապված կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետ։ Իտալիայի ազգային ոստիկանությունը նա ղեկավարել է յոթ տարի՝ մինչև 2007 թվականը։





























