ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ երկրին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի օրենքով սահմանված պետական պարտքի վերին շեմի հարցը։ Fox News հեռուստաալիքի հարցազրույցում նա կոչ է արել վերացնել դաշնային կառավարության փոխառությունների սահմանափակումը։

Թրամփի կարծիքով՝ սահմանված շեմը չպետք է խանգարի կառավարությանը կատարել իր ֆինանսական պարտավորությունները։ Պետական պարտքի վերին շեմը պարբերաբար բարձրացնելու փոխարեն նախագահն առաջարկում է հրաժարվել դրանից։

Պետական պարտքի սահմանաչափը որոշում է այն առավելագույն գումարը, որը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է փոխառել՝ արդեն հաստատված ծախսերը ֆինանսավորելու համար։

Եթե կառավարությունը սպառի փոխառություններ ներգրավելու հնարավորություններն ու առկա դրամական միջոցները, իսկ Կոնգրեսը չբարձրացնի սահմանաչափը կամ չկասեցնի դրա գործողությունը, ԱՄՆ-ը կարող է բախվել դեֆոլտի՝ իր ֆինանսական պարտավորությունները ժամանակին կատարելու անկարողությանը։ Դա կարող է լուրջ ցնցումներ առաջացնել ֆինանսական շուկաներում և բարձրացնել պետական փոխառությունների արժեքը։

2025 թվականի հուլիսին Կոնգրեսը պետական պարտքի վերին շեմը բարձրացրել է մինչև 41,1 տրլն դոլար։ 2026 թվականի հոկտեմբերի վերջին ԱՄՆ ընդհանուր պետական պարտքը հասել է մոտ 40,52 տրլն դոլարի՝ մոտենալով սահմանված շեմին։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ սահմանաչափը կարող է սպառվել 2027 թվականի փետրվարին կամ մարտին։

Պետական պարտքի վերին շեմը վերացնելու հարցն արդեն քննարկվել է Վաշինգտոնում։ Ընդ որում, գործող կանոնները փոխելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի որոշումը։