Թուրքիան ձգտում է պարզեցնել իր քաղաքացիների համար շենգենյան վիզաների ստացման ընթացակարգերը և շարունակում է առաջնահերթ նպատակ համարել Շենգենյան գոտի ուղևորությունների համար վիզային ռեժիմի վերացումը, հայտնել է TRT Haber-ը։

Այս հարցը քննարկվել է նոյեմբերի 18-ին Անկարայում՝ տեղի շենգենյան համագործակցության խմբի շրջանակում կայացած հանդիպմանը, որին մասնակցել են Շենգենյան գոտու երկրների, ԵՄ պատվիրակության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։

Նման հանդիպմանն առաջին անգամ մասնակցել են ինչպես Թուրքիայի ԱԳՆ, այնպես էլ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։ Թուրքական կողմը մատնանշել է տարբեր ոլորտներում Եվրամիության հետ երկրի ինտեգրման բարձր մակարդակը և կրկին կոչ արել վերացնել վիզաների ձևակերպման ընթացքում առաջացող խնդիրները։

Անկարան պահանջել է հեշտացնել հերթագրումը փաստաթղթերի ներկայացման համար, կրճատել դիմումների քննության ժամկետներն ու անհրաժեշտ տեղեկանքների քանակը, ինչպես նաև պարզեցնել ընթացակարգերը նրանց համար, ովքեր նախկինում արդեն ստացել են շենգենյան վիզաներ։ Թուրքիան նաև հանդես է եկել կասկադային մեխանիզմի ավելի լայն կիրառման օգտին, որը թույլ է տալիս ավելի երկար ժամկետով բազմակի մուտքի վիզաներ տրամադրել։

Առանձին քննարկվել է բեռնատարների թուրք վարորդների Շենգենյան գոտի մուտք գործելու հարցը։ Թուրքական կողմն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել անխափան բեռնափոխադրումները և լուծում գտնել կեցության տևողության գործող սահմանափակումների խնդրին, որոնք խոչընդոտում են ԵՄ-ի հետ առևտրին։

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ուշադրություն է հրավիրել անօրինական միջնորդ ընկերությունների գործունեության վրա, որոնք շահույթ են ստանում փաստաթղթերի ներկայացման համար հերթագրման դժվարություններից։ Գերատեսչության տվյալներով՝ արդարադատության, առևտրի և ներքին գործերի նախարարությունների հետ համագործակցությամբ գործողություններ են իրականացվում նման կառույցների դեմ, մի շարք անձանց նկատմամբ սկսվել են դատական վարույթներ։

Թուրքիայի իշխանությունները հայտնել են նաև ԵՄ երկրների համալսարաններ ընդունված թուրք ուսանողների վիզաների հետ կապված իրավիճակի բարելավման մասին։ Անկարայի ջանքերի շնորհիվ ուսանողական վիզաների ձևակերպման հետ կապված խնդիրների թիվը նախորդ երկու տարիների համեմատ զգալիորեն նվազել է։ 2026 թվականին ԱԳՆ-ն այս հարցով ստացել է միայն սահմանափակ թվով առանձին դիմումներ։

Բացի այդ, ԵՄ կառույցների և անդամ երկրների իրավասու մարմինների հետ խորհրդակցությունների արդյունքում ստեղծվել է առանձին աշխատանքային մեխանիզմ, որի շրջանակում Թուրքիայում Շենգենյան գոտու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները կվերանայեն գործող վիզային ընթացակարգերը։