Դուբլինում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ի պաշտպանություն Իռլանդիայի ռազմական չեզոքության և ընդդեմ իռլանդացի զինծառայողներին արտերկիր ուղարկելու մեխանիզմը փոխելու կառավարության ծրագրերի, հաղորդել է PA Media-ն։

Ակցիայի մասնակիցները կարծում են, որ բարեփոխումը կթուլացնի չեզոքության երաշխիքները և կարող է երկիրը ներքաշել ռազմական հակամարտությունների մեջ։

Ցուցարարները կրում էին Իռլանդիայի, ՄԱԿ և Պաղեստինի դրոշները, պաստառներին գրված էին Եվրոպայի ռազմականացման և պատերազմի դեմ կարգախոսներ։ Ցույցին մասնակցել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և սենատորներ։

Անցյալ ամիս Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների փոքր առավելությամբ հավանություն է տվել այսպես կոչված «եռակի կողպեքի» մեխանիզմի բարեփոխմանը։ Ներկայում ավելի քան 12 իռլանդացի զինծառայողի արտերկիր ուղարկելու համար միաժամանակ պահանջվում են ՄԱԿ մանդատը, կառավարության որոշումը և խորհրդարանի հավանությունը։

Կառավարությունը մտադիր է այս կարգից հանել ՄԱԿ մանդատի պարտադիր պահանջը՝ դա բացատրելով խաղաղապահ առաքելությունների արգելափակումը Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից, թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Իշխանությունները նախատեսում են օրենքն ընդունել մինչև տարեվերջ։

Ընդդիմությունը պնդում է, որ բարեփոխումը փաստացի վերացնում է գործող համակարգը և խաթարում երկրի չեզոքությունը։ Սենատոր Թոմ Քլոնանը՝ նախկին խաղաղապահ, որը ծառայել է Լիբանանում ՄԱԿ առաքելության կազմում, հանրահավաքում հայտարարել է, որ «եռակի կողպեքի» մեխանիզմը սերտորեն կապված է Իռլանդիայի չեզոքության հետ և պաշտպանում է ռազմական հակամարտությունների մեջ ներքաշվելուց։

Ակցիայի մասնակիցները դեմ են արտահայտվել նաև դպրոցների, գրադարանների և մշակութային հաստատությունների ֆինանսավորման հաշվին ռազմական ծախսերի ավելացմանը։

Նրանց կարծիքով՝ Իռլանդիան պետք է շարունակի ապավինել դիվանագիտությանն ու խաղաղապահ գործունեությանը, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությանը և Եվրոպայի ռազմական ներուժի հզորացմանը։

Բարեփոխման որոշ հակառակորդներ պահանջել են հանրաքվե անցկացնել։ «Շինն Ֆեյն» կուսակցության պատգամավոր Դոննհադ Օ Լաոգերը հայտարարել է, որ իռլանդացիները գնահատում են չեզոքությունը, իսկ «եռակի կողպեքի» մեխանիզմը դրա պահպանման կարևոր երաշխիքն է։

Պաշտպանության նախարար Հելեն Մաքենթին, իր հերթին, պնդել է, որ ընդդիմությունը մոլորեցնում է հանրաքվեի կողմնակիցներին․ նրա խոսքով՝ հանրաքվեն անհրաժեշտ է Սահմանադրությունը փոխելու համար, մինչդեռ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են օրենսդրությանը։