Մեծ Բրիտանիայի Սաթոն Հու անգլոսաքսոնական գերեզմանատանը հնագետներն արտասովոր թաղում են հայտնաբերել։ Գերեզմանում ոսկորներ չեն պահպանվել, սակայն խիտ ավազը պահել է մարդկային մարմնի ուրվագծերը, գրում է Live Science-ը։
Նման գտածոներն անվանում են «ավազե մարմիններ»։ Դրանք առաջանում են, երբ աճյունը քայքայվում է թթվային հողում, իսկ ավազը պահպանում է մարմնի ձևը։
«Սա նման է Պոմպեյում հայտնաբերված որոշ մարմինների», — բացատրել է Մեծ Բրիտանիայի Ազգային հիմնադրամի հնագետ Անգուս Ուեյնրայթը։ Հնագետները նման թաղումներ նախկինում էլ են հայտնաբերել Սաթոն Հուում և Սաֆոլք կոմսության անգլոսաքսոնական այլ հնավայրերում։
Արտասովոր գերեզմանը հնագետները հայտնաբերել են Գարդեն Ֆիլդ գերեզմանատանը՝ 2025 թվականի պեղումների ավարտին։ Հետազոտությունն իրականացրել են Ազգային հիմնադրամի և FAS Heritage կազմակերպության հնագետներն ու Time Team հեռուստանախագծի հեղինակները։
Հետազոտողները փորձում էին պարզել գերեզմանատան սահմաններն ու օգտագործման ժամանակաշրջանը։ Նրանք նաև ցանկանում էին հասկանալ՝ արդյոք այստեղ թաղված մարդիկ կապ են ունեցել Սաթոն Հուի հայտնի նավային դամբարանում ամփոփված մարդու հետ։
«Ավազե մարմնի» հետ հնագետները հայտնաբերել են ուլունքներ, ունելի, դանակ և կրծքազարդ։ Թաղման անմիջապես տակ նրանք գտել են հետքեր, որոնք հուշում են, որ նույն գերեզմանում գուցե ևս մեկ մարդ է թաղված եղել։
Նախկինում հնագետները հիմնականում ուսումնասիրում էին հարուստ թաղումներով դամբարանաբլուրները։ Դրանցից ամենահայտնին VII դարի նավային դամբարանն է։ Այն, ենթադրաբար, պատկանել է Արևելյան Անգլիայի թագավոր Ռեդվալդին, որը մահացել է մոտ 627 թվականին։ Դամբարանի գտածոներից է ոսկով և թանկարժեք քարերով զարդարված հայտնի սաղավարտը։
Նոր պեղումներով հետազոտողները փորձում են ավելին իմանալ Արևելյան Անգլիայի հասարակ բնակիչների և նրանց ժառանգների մասին։ Նրանց կարծիքով՝ դիակիզմամբ և «ավազե մարմիններով» թաղումները կարող են ավելի հին լինել, քան հայտնի նավային դամբարանը։
Նոյեմբերի 14-ին YouTube-ում հրապարակված Time Team վավերագրական շարքի առաջին թողարկման մեջ հնագետները ներկայացրել են Գարդեն Ֆիլդում թաղված մարդկանց բարեկեցության և սոցիալական կարգավիճակի աճի նոր վկայություններ։ Մասնավորապես, հանգուցյալներից մեկին թաղել են ոսկու ձուլակտորի հետ։
Խումբը նաև ուսումնասիրել է ենթադրյալ նավամատույցի մնացորդները, որտեղից կարող էին նավերն իջեցնել Դեբեն գետը։ Բացի այդ, հնագետները հայտնաբերել են զարդանախշով թաղման աճյունասափորի արտասովոր բեկոր։




























