Խոյադելֆինները խոշոր կենդանիներ որսալու ունակություն են ձեռք բերել ավելի քան 2 մլն տարի առաջ՝ շատ ավելի վաղ, քան նախկինում ենթադրվում էր։ Այս եզրակացությանն են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով դելֆինների ընտանիքի հնագույն ներկայացուցիչների բրածո մնացորդները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PeerJ ամսագրում։

Այսօր խոյադելֆինները ծովային ամենաահեղ գիշատիչներից են․ նրանք որսում են ձկներ, փոկեր և նույնիսկ այլ կետեր։ Սակայն նրանց որսորդական ունակությունների էվոլյուցիան մինչ այժմ ամբողջությամբ ուսումնասիրված չէր։

Ենթադրվում է, որ խոյադելֆինների հնագույն նախնիները զգալիորեն փոքր են եղել ժամանակակից ներկայացուցիչներից և սնվել են հիմնականում ձկներով։ Ժամանակի ընթացքում նրանք ձեռք են բերել խոշոր մարմին, հզոր ծնոտներ և մեծ ատամներ, որոնք թույլ են տվել բռնել ու հոշոտել խոշոր որսը։

Այս էվոլյուցիոն ընթացքը պարզելու համար հետազոտողները՝ Ռոտերդամի բնական պատմության թանգարանի աշխատակից Հիդդե Բակկերի գլխավորությամբ, ուսումնասիրել են բրածո մնացորդներ, որոնք առևտրային ձկնորսական տրալերները հայտնաբերել էին Հյուսիսային ծովի հարավային հատվածի հատակին։ Գտածոների թվում են գանգի երկու բեկոր, ստորին ծնոտի մի հատված և սերտաճած պարանոցային ողերի երկու խումբ։ Բրածոները պահվում էին Նիդեռլանդների թանգարաններից մեկում։

Գիտնականները չափել են ոսկորները և դրանց ձևն ու չափերը համեմատել ժամանակակից ու անհետացած խոյադելֆինների, ինչպես նաև դելֆինների ընտանիքի այլ ներկայացուցիչների համապատասխան ոսկորների հետ։ Բացի այդ, նրանք ստեղծել են գանգի բեկորների եռաչափ մոդելներ և դրանք համադրել ժամանակակից խոյադելֆինի ամբողջական կմախքի հետ՝ հնագույն կենդանիների չափերը գնահատելու համար։ Գտածոների տարիքը որոշել են նստվածքային ապարներում պահպանված ծովային ջրիմուռների մանրադիտակային բրածոների միջոցով։

Վերլուծությունը ցույց է տվել, որ մնացորդները պատկանում են գելասյան հարկին, որն ընդգրկում է 2,6–1,8 մլն տարի առաջ ընկած ժամանակահատվածը։ Ըստ հետազոտության՝ ուսումնասիրված նմուշները թվագրվում են 2,6–2,1 մլն տարի առաջ ընկած ժամանակաշրջանով։ Ամենախոշոր հնագույն խոյադելֆինների երկարությունը կարող էր կազմել 7,2–7,7 մետր՝ մոտավորապես այնքան, որքան ժամանակակից ամենախոշոր արուներինը։

Խոշոր որս բռնելու ունակության մասին վկայում է նաև ստորին ծնոտի կառուցվածքը․ դրանում հայտնաբերվել են խոշոր, խոր և միմյանցից մեծ հեռավորության վրա տեղակայված ատամնաբներ։ Դրանք վկայում են երկար ու ամուր արմատներով մեծ ատամների առկայության մասին։

Ավելի վաղ գենետիկական հետազոտությունների հիման վրա ենթադրվում էր, որ որսորդական տարբեր մասնագիտացումներով ժամանակակից խոյադելֆինների պոպուլյացիաները ձևավորվել են միջին պլեյստոցենում՝ մոտ 770–120 հազար տարի առաջ։ Նոր տվյալները ցույց են տալիս, որ խոշոր կենդանիներ որսալու համար անհրաժեշտ ֆիզիկական առանձնահատկությունները կարող էին ի հայտ գալ զգալիորեն ավելի վաղ։

Միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ՝ հնագույն կենդանիները ժամանակակից Orcinus orca տեսակի վա՞ղ ներկայացուցիչներն էին, թե՞ պատկանում էին խոշոր խոյադելֆինների առանձին, դեռևս չնկարագրված տեսակի։