Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի նվերը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ սաթով զարդարված գդանսկյան բազկաթոռը, որը լրատվամիջոցներում անվանել են «սաթե գահ», հավանաբար արժեցել է ավելի քան 10 հազար զլոտի (մոտ 2300 եվրո)։ Դրա մասին TOK FM ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Ռաֆալ Լեսկևիչը։

Լեսկևիչի բնորոշմամբ՝ նվերը ո՛չ գահ էր, ո՛չ էլ սաթից պատրաստված բազկաթոռ։ Դա սաթով զարդարված ավանդական գդանսկյան բազկաթոռ էր։

«Դա սովորական նվեր էր, որն առանձնապես չէր դուրս գալիս քաղաքականության մեջ ընդունված չափանիշների շրջանակից»,- պարզաբանել է Լեհաստանի նախագահի ներկայացուցիչը։

Նա չի նշել նվերի ճշգրիտ արժեքը, սակայն հավաստիացրել է, որ նախագահի աշխատակազմը կարող է այդ տեղեկությունը տրամադրել պաշտոնական հարցման դեպքում։ Միաժամանակ Լեսկևիչը ենթադրել է, որ բազկաթոռի գինը գերազանցում է 10 հազար զլոտին՝ նշելով, որ «սաթն էլ իր գինն ունի»։

Նույն հարցազրույցի ընթացքում մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերություններին։ Նա Թրամփի խոսքերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր ընկերը լինելու մասին համարել է ամերիկացի առաջնորդի քաղաքական մարտավարության մի մասը։ Լեսկևիչի կարծիքով՝ Նավրոցկին մտադիր չէ շփվել Պուտինի հետ G20-ի առաջիկա գագաթնաժողովում, քանի որ հետևողականորեն նրան համարում է ռազմական հանցագործ։