Մեր գնահատմամբ ու իմ անձնական կարծիքով, Սահմանադրության այս նախագիծը ցավոք սրտի, հիասթափության ալիք չմեղմեց, այլ ընդհակառակը, սպասվածից ավելի վատթար կարգավորումներով ունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Բացի այն, որ այն ալիևյան սահմանադրություն է, որովհետև ադրբեջանական նախապայման է բավարարում, պարզվեց նաև թուրքական նախապայման է բավարարում, որովհետև տասնամյակներ թուրքական կողմը պահանջել է, որ հայերը հրաժարվեն Սահմանադրության մեջ Արարատ լեռան հիշատակումից։ Երրորդ կոմպոնենտը այսօրվա իշխանության հետագա վերարտադրման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է։ Բոլոր իրենց համար անհարմար դրույթները ձևափոխել են։ Այս կարգավորումները ուղղակիորեն ոչ միայն ապազգային են, այլև հակաիրավական և հակաժողովրդավարական են։

Օրինակ, որոշակիության սկզբունքը լիովին վերացարկված է, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի հարուստ նախադեպային պրակտիկային, լայն հայեցողական լծակներ են տրված, ինչը նվազագույնի էին փորձել հասցնել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Հիմնանպատակը թե ինչու է այս սահմանադրությունը ալիևյան եկավ այս նախագիծը հաստատելու, որովհետև այլ հիմնավորում, որը կարդարացներ նոր սահմանադրություն ընդունելը, չկա, բովանդակային լայնամասշտաբ փոփոխություններ չեն առաջարկվում»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ նոր սահմանադրությունը նախատեսում է, որ դատարանը կարող է անձին զրկել քաղաքացիությունից՝ սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների դեպքում, Մելոյանն ասաց. «Մեր երկրում քաղաքացիություն զրկելու իրավակարգավորում եղել է մինչև 2011 թվականը՝ Քաղաքացիության մասին օրենքով, որը հետո ուժը կորցրած էր ճանաչվել։ Այսօրվա գործող սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից, բայց Քաղաքացիության սահմանափակման հնարավորություններ կան կոնկրետ դեպքերում, օրինակ, ազգային անվտանգության։

Հիմա իրենք նախատեսում են հնարավորություն քաղաքացիության զրկելու։ Սա վտանգ է, որովհետև այս ինստիտուտը ակնհայտորեն կարող է դառնալ քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Սրանով քաղաքական իշխանությունը ապահովում է իր վերարտադրումը և իր հայեցողական լծակների ընդլայնումը։ Ոնց որ մինչ օրս բաժանիր, որ տիրես սկզբունքով կառավարել են պետությունը, նույն ձևաչափով էլ շարունակելու են։ Օրինակ, այն մարդուն, ով իրենց քիմքին հաճո չէ, կարող են զրկել քաղաքացիությունից»։

Գոհար Մելոյանը համոզմունք հայտնեց, որ այս սահմանադրության միակ նպատակը ադրբեջանական օրակարգը ու նախապայմանը կատարելն է, ինչը հակասում է մեր ինքնիշխանությանը, նաև հակասում է նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։

«Մեր հանրությունը հայտնի չի, թե ովքեր են այս տեքստի իրական մշակողները։ Մենք չենք բացառում, որ նույն արհեստական բանականությունն է հեղինակը, մասնագիտական թերի լեզվամտածողությունը, անհարկի անհամաձայնեցված եզրույթաբանությունը թույլ են տալիս նաև նման վերլուծություն ու դատողություն կատարել։ Սա ապազգային, հակահայկական, հակաիրավական և հակաժողովրդավարական փաստաթուղթ է»։