Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ–ից։

«Կառավարության որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունն ապահովելու և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում հնարավոր վարչական խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ։

Գործող կարգավորումների համաձայն՝ «070» ծածկագրով անձը հաստատող փաստաթուղթը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։

Բացի այդ, «070» ծածկագրով անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։

Սա կարող է խնդիրներ առաջացնել այն անձանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, քանի որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի շարքում օրենսդրությամբ նախատեսված է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացումը։

Ժամանակավոր պաշտպանության վկայականները փոխարինելու կարիք չկա, դրանց ժամկետը կարգավորվում է հեռավար։

Հիշեցնում ենք, որ ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձանց անձը հաստատող փաստաթուղթ համարվող 070 կոդով հին նմուշի անձնագրերի արտադրությունը և տրամադրումը շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։