Ինձ համար մեծ պատիվ է այսօր առաջին անգամ պաշտոնական այցով հյուրընկալվել Ռումինիայում. Ռումինիայի նախագահի հետ մեր այսօրվա հանդիպումը անցավ բարեկամական մթնոլորտում հանգամանալից քննարկումներ ունեցանք երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումն ու զարգացումը։ Ասվածի վկայությունն է քիչ առաջ ստորագրված Հայաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Խորհրդանշական է, որ այդ ձեռքբերումն արձանագրում ենք հենց այս տարի, երբ լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։
Մենք պայմանավորվել ենք ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել և համատեղ ծրագրեր մշակել այն ոլորտներում, որտեղ մեր երկրները կարող են օգտվել միմյանց փորձից և հնարավորություններից։ Այսօր մենք հանգամանորեն անդրադարձ ենք կատարել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին՝ ընդգծելով առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը։
Վերջին ամիսներին, երբ Հայաստանը բախվել է ավանդական շուկաներ մեր արտադրանքի սահմանափակումների հետ, Ռումինիան ոչ միայն շատ կարևոր նոր հնարավորություն, այլև իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի Եվրոպական Միություն»,–ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ երկուստեք կարևորել են գործարար համաժողովների անցկացումը, անդրադարձել են Հայաստան-Ռումինիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների վերաակտիվացման կարևորությանը։
«Գեռանկարային ենք համարել վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, դեղագործության, զբոսաշրջության ոլորտներում գործնական ծրագրերի իրագործումը, Ռումինիայի նախագահի հետ անդրադարձ ենք կատարել նաև պաշտպանության, կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման ու փոխշահավետ ծրագրերի իրականացմանը։ Քննարկել ենք նաև կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը և և հետագա համագործակցության զարգացումը,
ընդգծել ենք համատեղ հետազոտությունների ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի կարևորությունը մեր երկրների միջև կապերի սերտացման տեսանկյունից։ Այդ առումով համագործակցության հնարավորություններ ենք տեսնում նաև Հայաստանում ակադեմիական քաղաքի շրջանակում»,– ընդգծեց Փաշինյանը։





























