Կալիֆոռնիայից դեմոկրատ Ջիմի Գոմեսը հայտնել է, որ վայր կդնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամի լիազորությունները՝ Կոնգրեսի աշխատակցուհու նկատմամբ իր սեռական բնույթի ոչ պատշաճ վարքագծի առնչությամբ անցկացված քննությունից հետո։
Երկուշաբթի Ներկայացուցիչների պալատի էթիկայի հարցերով երկկուսակցական հանձնաժողովը հրապարակել է Գոմեսի վերաբերյալ քննության արդյունքներով կազմված զեկույցը։ Դրանում նշվում է, որ հայտնաբերվել են նրա կողմից սեռական ոտնձգությունների «էական ապացույցներ»։
«Ես գիտակցում եմ էթիկայի հարցերով հանձնաժողովի զեկույցի լրջությունը և, ինչպես արդեն հայտարարել եմ նախկինում, ամբողջությամբ պատասխանատվություն եմ ստանձնում այն անձնական սխալների համար, որոնք թույլ եմ տվել ամուսնությունից դուրս», - ասվում է դեմոկրատի հայտարարության մեջ, որը տարածել է CBS հեռուստաալիքը։
Միաժամանակ Գոմեսը հայտարարել է, որ «լուրջ տարաձայնություններ» ունի հանձնաժողովի եզրակացությունների հետ, սակայն «հրաժարական տալուց բացի այլ ելք» չի տեսնում։ Նա պաշտոնը կթողնի դեկտեմբերի 1-ից՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից մոտ մեկ ամիս առաջ։
Ապրիլին էթիկայի հարցերով հանձնաժողովը լրատվամիջոցների հրապարակումներից տեղեկացել է, որ կոնգրեսական Գոմեսին երեկույթի ժամանակ տեսել են Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի աշխատակցուհու հետ հրապարակավ «համբուրվելիս», ինչի կապակցությամբ քննություն է սկսվել։ Հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ դեմոկրատը պնդել է, որ դա տեղի է ունեցել «փոխադարձ համաձայնությամբ»։ Սակայն կնոջ ցուցմունքները կտրուկ տարբերվել են նրա վարկածից. նրա խոսքով՝ բռնի բնույթի երկու դրվագ է եղել։ Բացի այդ, հանձնաժողովը հաստատել է, որ Գոմեսն արտաամուսնական կապ է ունեցել մեկ այլ գործընկերուհու հետ։





























