Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Շվերտե քաղաքում դիմակավորված անհայտ անձը խմբակցության նիստի ժամանակ ներխուժել է «Կանաչներ» կուսակցության գրասենյակ և հարձակվել քաղաքական գործիչներից մեկի վրա։ Միջադեպի հետևանքով երեք մարդ է վիրավորվել, հայտնում է Bild պարբերականը։
«Երկուշաբթի երեկոյան դիմակավորված անձը ներխուժել է Շվերտեի կենտրոնում գտնվող («Կանաչներ») կուսակցության գրասենյակ և հարձակվել քաղաքական գործիչներից մեկի վրա... Միջադեպի հետևանքով երեք մարդ է վիրավորվել», - ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել գրասենյակում խմբակցության նիստի ժամանակ։ Պարբերականի տեղեկություններով՝ շենքում մեկ տասնյակից ավելի մարդ է եղել։ Թերթի տվյալներով՝ հարձակվողն իր հետ շարժական կրակմարիչ է ունեցել, սակայն թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, և ինչ վնասվածքներ են ստացել տուժածները, առայժմ պարզ չէ։ Հայտնի է, որ տուժածները հիվանդանոցներում են։ Հարձակման մեջ կասկածվողը դիմել է փախուստի, նրա դրդապատճառները նույնպես պարզ չեն։





























