ԱՄՆ-ը պարզում է՝ արդյոք Իրանը կապ ունի նավթ և այլ պայթյունավտանգ բեռներ տեղափոխող լցանավերի դեմ ենթադրյալ կիբեռհարձակումների ալիքի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Հաղորդագրության համաձայն՝ հարձակման է ենթարկվել մոտ 50 նավ, որոնք տեղափոխում էին նավթ, հեղուկացված գազ, քիմիական արտադրանք և այլ պայթուցիկ նյութեր։
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ հարձակումները թիրախավորել են աշխարհի տարբեր մասերում գործող նավեր, այդ թվում՝ Եվրոպայի և Ասիայի մերձակա ջրերում նավարկող նավեր։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ ենթադրյալ հարձակումների ընթացքում շահագործվել են ծովային փոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից օգտագործվող Fortinet ցանցային սարքավորումների խոցելիությունները։
Հաղորդվում է, որ որոշ նավեր ստացել են ռումբի պայթեցման սպառնալիքներ, փրկագնի պահանջներ կամ ամերիկյան ապրանքների փոխադրման անթույլատրելիության մասին նախազգուշացումներ, իսկ այլ դեպքերում անձնակազմը չի էլ կասկածել, որ հարձակման է ենթարկվել։
Քննիչները պարզում են՝ արդյոք այս միջադեպերը համակարգված արշավի մաս են կազմում։ Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները դեռ չեն պարզել՝ արդյոք Իրանը պատասխանատու է հնարավոր կիբեռհարձակումների համար։





























