Եվրոպայի հակաօդային պաշտպանության համակարգը բավարար չափով պատրաստ չէ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին։ Դրա մասին շվեդական SVT հեռուստաալիքի վավերագրական ֆիլմում հայտարարել է Եվրոպայում ամերիկյան ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը։
Նրա գնահատմամբ՝ հակամարտության դեպքում Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների դեմ կարող է կիրառել զանգվածային հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերով հարձակումների նույն մարտավարությունը, որն օգտագործում է Ուկրաինայում, գրում է Bild-ը։ «Պատկերացրեք այն, ինչ ամեն գիշեր տեղի է ունենում Օդեսայում, Կիևում կամ Խարկովում, բայց այդ քաղաքները փոխարինեք Գերմանիայի Բրեմերհաֆենով, Լեհաստանի Գդանսկով կամ Լատվիայի Ռիգայով։ Հենց դա էլ տեղի կունենա»,- նախազգուշացրել է Հոջեսը։
Նրա կարծիքով՝ ռուսական հարվածների հիմնական թիրախները կարող են դառնալ նավահանգիստները, երկաթուղիներն ու կամուրջները, որոնք ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են Բալթյան երկրներ ռազմական բեռներ տեղափոխելու համար։ Հնարավոր թիրախների թվում գեներալը նշել է գերմանական Բրեմերհաֆենը և շվեդական Գյոթեբորգը։
Եվրոպական ՀՕՊ-ի գլխավոր խնդիրները Հոջեսը համարում է զինամթերքի պակասը, որն ավելի է սրվել Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունից հետո, և զորավարժությունների անբավարար քանակը։ Նա ՆԱՏՕ-ին կոչ է արել վարժանքներով մշակել գործողությունները հրթիռային հարձակումների, ռադիոէլեկտրոնային խանգարումների և կիբերհարձակումների պայմաններում։



























