Ռուսաստանը՝ որպես էներգակիրների մատակարար, միտումնավոր է հրեշային կերպարով ներկայացվում։ Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը։

Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանն ատոմային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության փորձ ունի, իսկ գործող ԱԷԿ-ը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին։ «Կարելի է ժխտել անցյալի փաստերն ու կայանի հաջող աշխատանքը, բայց համաշխարհային շուկայում մրցակցություն է ընթանում ատոմակայաններ կառուցող հիմնական խաղացողների միջև։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանն այս ոլորտում բավականին շատ նախագծեր է իրականացնում։ Մենք պատմությանը հղում չենք անում. բնականաբար, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել՝ ելնելով իրավիճակի վերլուծությունից։ Իմ կարծիքով՝ ընտրությունը պետք է կատարվի ոչ թե քաղաքական նախասիրությունների, այլ տնտեսական շահի ու նպատակահարմարության հիման վրա։ Ատոմային էներգետիկայում Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել մրցակցության, քանի որ մենք առաջարկում ենք բավականին նոր ռեակտորներ և ծառայությունների ամբողջական շրջափուլ՝ վառելիքի մատակարարումից մինչև օգտագործված վառելիքի վնասազերծում։ Ատոմային էներգետիկան բարդ ու բարձր տեխնոլոգիական ոլորտ է, որտեղ կարևոր են թե՛ անխափան մատակարարումները, թե՛ թափոնների վնասազերծումը։ Կան ատոմային ռեակտորների այլընտրանքային արտադրողներ ու տեխնոլոգիաներ, բայց պետք է հաշվի առնել և՛ գինը, և՛ ծառայությունների որակն ու հուսալիությունը»,— նշել է Սիմոնովը։ Որպես օրինակ նա մատնանշել է Ղազախստանը, որտեղ այժմ նույնպես քննարկվում է ԱԷԿ կառուցելու հարցը. հայտարարված մրցույթում, ամենայն հավանականությամբ, կհաղթի ռուս-չինական կոնսորցիումը։

««Ռոսատոմը» գործում է մրցակցային շուկայում և բավականին շահավետ առաջարկներ է անում, այլապես կայաններ չէր կառուցի Թուրքիայում, Բանգլադեշում, Իրանում և այլ երկրներում։ Պետք է մի կողմ դնել քաղաքական գործոնը, և պարզ կդառնա, որ տնտեսական առումով ռուսական առաջարկը կարող է ամենահաջողը լինել»,— ընդգծել է Սիմոնովը։ Նա ափսոսանքով արձանագրել է, որ էներգետիկայում չափազանց մեծ տեղ է տրվում քաղաքականությանը։ Փորձագետի խոսքով՝ քաղաքական գործոնը կարևոր է հնարավոր ռիսկերի տեսանկյունից, օրինակ՝ մատակարարումների դադարեցման։ «Այս բիզնեսում ռուսական մասնակցության առումով ես չգիտեմ որևէ օրինակ, երբ քաղաքականությունը խանգարել է Ռուսաստանին կատարել իր պարտավորությունները։ Սա չի վերաբերում միայն ատոմային էներգետիկային։ Որպես էներգակիրների մատակարար՝ Ռուսաստանը միտումնավոր է դիվայնացված։ Իրականում հնարավոր չէ բերել գեթ մեկ օրինակ, երբ Ռուսաստանն էներգակիրների մատակարարումն օգտագործել է որպես այլ պետությունների վրա քաղաքական ճնշման լծակ։ Դա վերաբերում է թե՛ ատոմին, թե՛ չափազանց քաղաքականացված գազին»,— հիշեցրել է Սիմոնովը։

Անդրադառնալով Հայաստան գազի մատակարարման հարցին՝ նա նկատել է, որ երկրի գազային ցանցերի սեփականատերը «Գազպրոմն» է. «Արդյո՞ք Հայաստանը դրանից քաղաքական անհարմարություն է կրում, կամ «Գազպրոմն» իր սեփականությունն օգտագործո՞ւմ է որպես Հայաստանի վրա քաղաքական ճնշման միջոց։ Կարող եք ինքներդ ձեզ տալ այս հարցն ու շատ հեշտությամբ գտնել պատասխանը։ Ես չգիտեմ որևէ դեպք, երբ Հայաստանում ակտիվներ տնօրինող «Գազպրոմը» ծառայել է որպես երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք»։

Ի պատասխան գազի հնարավոր թանկացման մասին հարցին՝ Սիմոնովը նշել է, որ Հայաստանից ավելի էժան գազ ստանում է միայն Բելառուսը, ու եթե դա է համարվում «ճնշում», ապա կարելի է փոխել պայմանագիրը։ «Դրանք հատուկ, շատ հարմարավետ գներ են։ Եթե դա ճնշման միջոց է, եկեք փոխենք. մեծ հաճույքով Հայաստան գազի մատակարարումները կկապենք եվրոպական գնային ուղենիշներին ու գումար կաշխատենք դրանից»,— եզրափակել է Սիմոնովը։