Նոր Սահմանադրության նախագծում պետական խորհրդանիշների նկարագրությամբ հոդվածն ամբողջությամբ վերափոխված է։ Նոր Սահմանադրության հոդված 16-ով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով»։
Իսկ ահա գործող Սահմանադրության մեջ գրված է․
«Հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը
1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
3. Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։
4. Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով»:
Նոր Սահմանադրության նախագծում Հոդված 16-ն է Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների մասին, որն ընդամենը մեկ կետ է պարունակում։
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները՝
1. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով։
Ստացվում է՝ գործող Սահմանադրության համեմատ՝ նոր նախագծում խորհրդանիշներին վերաբերող հոդվածի նկարգրական մասը հանվել է։ Նախագծում այլևս առանձին չեն նկարագրվում Հայաստանի դրոշի գույներն ու զինանշանի պատկերները, դրանց նկարագրությունը և օրհներգը սահմանելու հարցը վերապահվում է օրենքին, որի ընդունման համար նախատեսվում է հանրաքվե։





























