Նոր Սահմանադրության նախագծով նախատեսում է պաշտոնավարող բոլոր դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Ստուգվելու են նրանց մասնագիտական կարողությունները, վարքագիծը, գույքի համապատասխանությունն օրինական եկամուտներին և դատավորի պաշտոնին ներկայացվող մյուս պահանջները։
Գնահատումը կիրականացնի հատուկ հանձնաժողովը, որի անդամներին կընտրի Ազգային ժողովը։ Գնահատման արդյունքները հնարավոր կլինի բողոքարկել Սահմանադրական դատարան։
Բոլոր դատավորները վերագնահատվելու են նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։ Այդ ընթացքում գործող դատավորները կշարունակեն քննել գործերը՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ, և նրանց որոշումները կունենան նույն իրավական ուժը։ Վերագնահատման արդյունքներով կորոշվի նրանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու կամ ժամանակավոր լիազորությունները դադարեցնելու հարցը։ Վերագնահատման ենթակա կլինեն նաև Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամները։
Այս կարգավորումների նպատակն է պաշտպանել դատարանների անկախությունը, բարձրացնել դատավորների աշխատանքի նկատմամբ վստահությունը և արդարադատությունը դարձնել ավելի արդյունավետ։





























