Մենք չենք մասնակցելու նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ առարկայական քննարկումներին։ Առավել ևս, որ արդեն համոզվել ենք, որ հիմնական կետերը նախագծում չեն ներառվել։ Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։
Մանուկյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը պատրաստ է արտահերթ ընտրություններին։ Այդ պատրաստակամության մասին նրանք հայտարարել էին դեռևս հունիսի 7-ի քվեարկության արդյունքները վիճարկելու ժամանակ։
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ին։ Նախաբանում բացակայում է Հայաստանի անկախության հռչակագրին արվող հղումը, որտեղ խոսվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին», ինչպես նաև հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Հռչակագրին հղման բացառումը խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջադրած նախապայմանն է։





























