Դեմոկրատական կուսակցությունը 1992 թվականից ի վեր իր ամենամեծ մեծամասնությունն է ապահովել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կարոլինայում դեմոկրատ Չակ Հաբարդը հաղթել է հանրապետական Վիրջինիա Ֆոքսին։ Վերջինս Կոնգրեսի թուրքական և ադրբեջանական հարցերով հանձնախմբերի անդամ է և 2019 թվականին դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Հաբարդի հաղթանակը պաշտոնապես հաստատվել է կիրակի օրը․ ձայների 99%-ի հաշվարկի արդյունքներով նա Ֆոքսին գերազանցել է 330 ձայնով։ Ինչպես գրում է BBC-ն, սա միջանկյալ ընտրությունների ամենաթեժ մրցապայքարներից մեկն էր։ Այդ ընտրությունների արդյունքում դեմոկրատները վերահսկողություն են հաստատել նաև Սենատի նկատմամբ։
Այս պահի դրությամբ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ապահովել են առնվազն 258 մանդատ, իսկ հանրապետականները՝ առնվազն 173։ Եվս չորս ընտրատարածքներում արդյունքները դեռ չեն ամփոփվել։
1992 թվականի ընտրություններից ի վեր, երբ Բիլ Քլինթոնն ընտրվեց նախագահ, իսկ դեմոկրատները նվաճեցին 258 մանդատ, որևէ կուսակցության չէր հաջողվել այսքան տեղ զբաղեցնել Ներկայացուցիչների պալատում։
Վերջնական արդյունքը հայտնի է դարձել ձայների վերահաշվարկից հետո, որը պահանջել էր 2005 թվականից Հյուսիսային Կարոլինայի 5-րդ ընտրատարածքը ներկայացնող Ֆոքսը։ Նահանգի օրենսդրությունը թույլ է տալիս վերահաշվարկ անցկացնել, եթե թեկնածուների ստացած ձայների տարբերությունը 1%-ից պակաս է։
«Կարծում եմ՝ ամերիկացիները պարզապես հոգնել են ստեղծված իրավիճակից և փոփոխություններ են ուզում։ Նրանք քվեարկեցին հենց փոփոխությունների օգտին», — հաղթանակից հետո BBC-ին տված հարցազրույցում ասել է Հաբարդը։ Նա խոստացել է Կոնգրեսի գործընկերների հետ հետևողականորեն աշխատել՝ նախագահ Դոնալդ Թրամփի հաշվետվողականությունն ապահովելու ուղղությամբ։
Ավելի վաղ Հաբարդը X սոցիալական ցանցում գրել էր, որ զրուցել է Ֆոքսի հետ, և վերջինս «վերահաշվարկի ավարտից հետո արժանապատվորեն ընդունել է պարտությունը»։
«Ես բարձր եմ գնահատում նրա պատրաստակամությունը՝ ապահովելու լիազորությունների սահուն փոխանցումն ու ընտրողների դիմումների շարունակական սպասարկումը։ Մենք ոչ միշտ ենք համաձայն միմյանց հետ, սակայն երկուսս էլ սիրում ենք Հյուսիսային Կարոլինան և 5-րդ ընտրատարածքի բնակիչներին», — հավելել է նա։
Ֆոքսն իր հերթին հայտարարել է․ «Առողջ լուծումներ գտնելու իմ փորձի և պահպանողական արժեքներին հավատարմության վրա կառուցված քարոզարշավից հետո երախտապարտ եմ Հյուսիսային Կարոլինայի բազմաթիվ ընտրողներին՝ ինձ աջակցելու համար, թեև հաղթանակի համար մեզ չբավականացրեց ընդամենը մի քանի ձայն»։
Հաբարդի հաջողությունն առավել ուշագրավ է նրանով, որ 2024 թվականի ընտրություններում նա Ֆոքսին զիջել էր ինը տոկոսային կետով։ Այս հաղթանակը լրացրեց Հարավային Կարոլինայի, Տեխասի, Ալյասկայի և Այովայի՝ ավանդաբար հանրապետական համարվող ընտրատարածքներում դեմոկրատների գրանցած հաջողությունների շարքը։
Այս ընտրություններին մասնակցող շատ դեմոկրատների նման Հաբարդը ևս քարոզարշավի առանցքում էր դրել Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ում կյանքի թանկացման հարցը, որն ընտրողների գլխավոր մտահոգություններից մեկն էր։
Թե՛ Թրամփը, թե՛ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ենթադրել են, որ հանրապետականների պարտության հիմնական պատճառներից մեկը, ամենայն հավանականությամբ, Իրանի հետ պատերազմի հետևանքով առաջացած գնաճն է եղել։
Հաբարդի պաշտոնական կայքի համաձայն՝ նրա առաջնահերթություններից են նաև աշխատող ընտանիքներին ու փոքր բիզնեսին աջակցելը, պետական կրթության զարգացումը և մատչելի առողջապահության ընդլայնումը։
Ներկայացուցիչների պալատի ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել Թենեսիի և Մինեսոտայի մեկական ընտրատարածքներում, իսկ Լուիզիանայի երկու ընտրատարածքներում դեկտեմբերին կկայանա քվեարկության երկրորդ փուլը։ Թենեսիի 4-րդ ընտրատարածքում դեմոկրատ Վիկտորիա Բրոդերիկն առջևում է 300-ից պակաս ձայնով, իսկ Մինեսոտայի 1-ին ընտրատարածքում դեմոկրատ Ջեյք Ջոնսոնը մրցակցին գերազանցում է 500-ից պակաս ձայնով։
Ապահովելով մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում և վերահսկողություն Սենատի նկատմամբ՝ դեմոկրատները կկարողանան հետաքննություններ նախաձեռնել նախագահի ու նրա շրջապատի հնարավոր շահերի բախման և այլ գործողությունների առնչությամբ։ Բացի այդ, Սենատը պահպանում է կառավարության անդամների և դատական պաշտոնների թեկնածուներին հաստատելու կամ մերժելու լիազորությունը։
Դեմոկրատները նաև կկարողանան համեմատաբար հեշտությամբ օրինագծեր անցկացնել Կոնգրեսում, թեև դրանց ուժի մեջ մտնելու համար նախկինի պես անհրաժեշտ է նախագահ Թրամփի ստորագրությունը։
Այդուհանդերձ, Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը դեմոկրատներին լիակատար իշխանություն չի տալիս․ նախագահը պահպանում է ընդունված օրինագծերի վրա վետո դնելու իրավունքը։





























