Փհենյանը չի ձգտում հեգեմոնիայի կամ ընդարձակման և պատրաստ է բարեկամական կապեր հաստատել այն պետությունների հետ, որոնք հարգում են ժողովրդական հանրապետության ինքնիշխանությունը։ Այս մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ 10 երկրների նոր դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
«Խաղաղությունը, զարգացումն ու բարգավաճումը ԿԺԴՀ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներն են։ ԿԺԴՀ-ն չի հավակնում ո՛չ հեգեմոնիայի, ո՛չ ընդարձակման։ Բռնությունն ու ճնշումը ոչ մի առնչություն չունեն ԿԺԴՀ արտաքին քաղաքականության հետ», — նրա խոսքերն է մեջբերում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Կիմ Չեն Ընը նշել է, որ Փհենյանը պատրաստ է ամրապնդել հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնք հավատարիմ են հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքներին։
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնակայանում։ Կիմ Չեն Ընն ընդունել է Ռուսաստանի, Շվեդիայի, Վիետնամի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի, Չեխիայի, Հնդկաստանի, Ֆիլիպինների, Թաիլանդի և Բանգլադեշի ներկայացուցիչների հավատարմագրերը։
ԿԺԴՀ առաջնորդը լուսանկարվել է դիվանագետներից յուրաքանչյուրի հետ և հույս հայտնել, որ նրանք ակտիվորեն կնպաստեն երկկողմ կապերի ամրապնդմանը։ Նա նաև հավաստիացրել է օտարերկրյա ներկայացուցիչներին, որ նրանց դիվանագիտական արտոնություններն ու անձեռնմխելիությունը կերաշխավորվեն միջազգային իրավունքի նորմերին և հանրապետության ներքին օրենսդրությանը խիստ համապատասխան։ Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Չխվե Սոն Հին։





























