Նորվեգիայի կառավարությունը երեքշաբթի առաջարկել է սկսել սաղմոնի բուծումը բաց ծովում՝ ֆյորդերից և առափնյա ցանցավանդակներից հեռու, որտեղ ձկնաբուծական ֆերմաներն ավելի ու ավելի մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին և ծովային էկոհամակարգերին, գրում է Phys.org-ը։

Սաղմոնի աճեցումը Նորվեգիային զգալի եկամուտ է բերում և աշխատատեղեր ապահովում։ Ձկնամթերքը երկրի հիմնական արտահանվող ապրանքների շարքում երկրորդ տեղում է՝ նավթից և գազից հետո։

Սակայն ցանցավանդակներում մեծ քանակությամբ ձկներ պահելը գրեթե անխուսափելիորեն հանգեցնում է ծովային ոջիլների թվաքանակի կտրուկ աճի։ Այս մակաբույծների դեմ պայքարելու համար կարող են քիմիական պատրաստուկներ կիրառվել։ Բացի այդ, մակաբույծները վարակում են վայրի սաղմոնին, որի թվաքանակը նորվեգական գետերում վերջին տարիներին կտրուկ նվազել է։

Կառավարությունը մտադիր է Հյուսիսային և Նորվեգական ծովերում երեք գոտի առանձնացնել, որտեղ ձկնաբուծական ֆերմաները կկարողանան գործել ավելի մեծ խորություններում։ Ակնկալվում է, որ դա թույլ կտա սահմանափակել ծովային ոջիլների տարածումը, ինչպես նաև նվազեցնել ջրում արտաթորանքի և սննդանյութերի կուտակումը։

Սննդանյութերի ավելցուկը նպաստում է ջրային բույսերի և ջրիմուռների չափից ավելի աճին։ Արդյունքում ջրում թթվածնի պարունակությունը նվազում է՝ վտանգ ստեղծելով ձկների այլ տեսակների համար։

«Բաց ծովում ձկնաբուծությունն առաջիկա տարիներին կարող է առափնյա շրջաններում ավելացված արժեքի ստեղծման կարևոր աղբյուր դառնալ», — հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։

Նորվեգիայի ծովային հետազոտությունների ինստիտուտի անցյալ ամիս հրապարակված ուսումնասիրության համաձայն, ձկնաբուծական ֆերմաներն ափից ավելի հեռու տեղափոխելը կարող է զգալիորեն նվազեցնել ձկների վարակումը ծովային ոջիլներով։

Միաժամանակ, բաց ծովում ավելի խիստ եղանակային պայմանները, հավանաբար, արտադրությունը կդարձնեն ավելի բարդ և ծախսատար։

2025 թվականին ծովամթերքի արտահանումը Նորվեգիային բերել է ռեկորդային՝ 181,5 մլրդ կրոն (մոտ 19 մլրդ դոլար) եկամուտ։ Ձկնաբուծական ֆերմաներում աճեցված ձկներին բաժին է ընկել մոտ 14 մլրդ դոլար։