Թուրքիայում ՄԱԿ-ի COP31 կլիմայական գագաթնաժողովի հնարավոր ամփոփիչ համաձայնագրի նախագիծը չի պարունակում «հանածո վառելիք» արտահայտությունը և ուղղակիորեն կոչ չի անում հրաժարվել ածխից, նավթից ու գազից՝ գլոբալ տաքացման հիմնական աղբյուրներից, հայտնում է Associated Press-ը։
Միաժամանակ փաստաթղթում առաջարկվում է ածխածնային արտանետումների որսման, կրկնակի օգտագործման և պահպանման նպատակ սահմանել, ինչը վեճեր է առաջացնում կլիմայագետների շրջանում և աջակցություն է ստանում նավթարդյունաբերության կողմից։
Համաձայնագրի վերջին նախագիծը կիրակի վաղ առավոտյան ներկայացրել է Թուրքիայի շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը՝ Անթալիայում անցկացվող երկշաբաթյա համաժողովի համանախագահը։
Բանակցողներին մոտ երեք ժամ է տրվել՝ առարկություններ հայտնելու կամ փոփոխություններ առաջարկելու համար, նախքան փաստաթուղթը կներկայացվի ամփոփիչ նիստին։ Երկրները պետք է ընդունեն համաձայնագիրը, մերժեն այն կամ վերապահումներ հայտնեն։
Փաստաթղթի հաստատման համար անհրաժեշտ է գրեթե միաձայն համաձայնություն, սակայն մի քանի պետություն արդեն լուրջ առարկություններ են հայտնել։
Կազմակերպիչները նաև մտավախություն ունեն, որ պատվիրակությունների՝ Անթալիայից մեկնելուց հետո դահլիճում կարող է որոշում ընդունելու համար բավարար թվով ներկայացուցիչ չմնալ։
Պանաման հայտարարել է, որ պաշտոնապես դեմ հանդես կգա ամփոփիչ համաձայնագրին, եթե դրանում չնախատեսվեն նավթի արդյունահանման սահմանափակումը, այն փաստի ճանաչումը, որ գլոբալ տաքացումը զսպելու նպատակները չեն իրագործվում, և կլիմայի փոփոխությանը հարմարվող երկրներին տրամադրվող աջակցության ֆինանսավորման ավելացումը։
Պանամայի շրջակա միջավայրի նախարար Խուան Կառլոս Նավարոն «նավթային մաֆիային» մեղադրել է բանակցություններն իր շահերի պատանդը դարձնելու մեջ և կոչ արել բարեփոխել այդ գործընթացը։
E3G վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Օլդեն Մեյերը նշել է, որ հանածո վառելիքը ավելի քան 25 տարի չի հիշատակվել ՄԱԿ-ի կլիմայական համաժողովների ամփոփիչ որոշումներում։ Սակայն 2023 թվականին Դուբայի գագաթնաժողովում երկրները պայմանավորվել են աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից։
«Լուրջ հետքայլ կլինի, եթե այստեղից հեռանանք՝ որևէ ազդակ չտալով, որ իսկապես մտադիր ենք կատարել այն, ինչի շուրջ պայմանավորվել ենք երեք տարի առաջ», — հայտարարել է Մեյերը։
Առաջարկվող համաձայնագրում հղում կա Դուբայում ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն տասը էջանոց փաստաթղթում չկան ո՛չ «հանածո վառելիք», ո՛չ «նավթ», «ածուխ» կամ «փուլային հրաժարում» բառերը։
Փոխարենը նախագիծը նախատեսում է աջակցություն ածխածնի որսման և պահպանման վիճահարույց տեխնոլոգիաներին։ Մասնավորապես, առաջարկվում է մեկ միլիարդ մետրական տոննա ածխածնի որսման, կրկնակի օգտագործման և պահպանման նպատակ սահմանել։ Այս տեխնոլոգիաները կոչված են օգնելու արդյունաբերական այն ձեռնարկություններին, որոնց համար դժվար է անցնել վերականգնվող էներգիայի աղբյուրների, որսալ ածխաթթու գազի արտանետումները և պահել դրանք գետնի տակ։
Սակայն կլիմայի հարցերով փորձագետները զգուշացնում են, որ նման տեխնոլոգիաների զարգացումը կարող է արդարացում դառնալ հանածո վառելիքի ոլորտում հետագա ներդրումների համար։
Նախագծում ներառված է նաև Թուրքիայի առանցքային նպատակներից մեկը՝ տնտեսության էլեկտրիֆիկացումը։ Փաստաթուղթը երկրներին կոչ է անում էներգիայի վերջնական սպառման մեջ էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ներկայիս մոտ 21%-ից մինչև 2035 թվականը հասցնել 35%-ի։ Դրա համար, մասնավորապես, անհրաժեշտ կլինի տրանսպորտը՝ ավտոմեքենաները, բեռնատարներն ու ինքնաթիռները, վառելիքից անցկացնել էլեկտրաէներգիայի, ինչպես նաև արդյունաբերական արտադրությունում ածխի փոխարեն էլեկտրաէներգիա օգտագործել։
Կլիմայական ակտիվիստները պահանջում են հստակեցնել, որ այս նպատակին հասնելու համար էլեկտրաէներգիան պետք է ստացվի բացառապես վերականգնվող աղբյուրներից, ինչպիսիք են քամին և արևը։
Նրանց կարծիքով, հանածո վառելիքից արտադրված էլեկտրաէներգիայի օգտագործումը կզրոյացնի արտանետումների կրճատմանն ուղղված ջանքերը։
Կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի երկրները նաև ձգտում են հասնել նրան, որ ամփոփիչ փաստաթղթում ներառվեն ավելի հստակ պարտավորություններ՝ գլոբալ տաքացման հետևանքներին հարմարվելու կարիք ունեցող աղքատ պետություններին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Նախորդ կլիմայական գագաթնաժողովներում երկրները հայտարարել էին նման ֆինանսավորումը եռապատկելու մտադրության մասին, սակայն կոնկրետ ելակետային գումար այդպես էլ չէր սահմանվել։
Այս տարի կլիմայի փոփոխությունը խորացրել է տարերային աղետների հետևանքները, այդ թվում՝ Եվրոպայում մահաբեր շոգի ալիքների և Նեպալում ավերիչ ջրհեղեղների։
Թուրքիայում բանակցությունները շարունակվել են կիրակի՝ համաժողովի ավարտի պաշտոնական ժամկետից գրեթե 40 ժամ անց։ ՄԱԿ-ի հաջորդ կլիմայական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2027 թվականի նոյեմբերին Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում։




























