Դեռահաս աղջիկների և տղաների ֆինանսական գրագիտության թեստերի արդյունքների տարբերությունը կարող է պայմանավորված լինել ոչ թե ընդունակությունների պակասով, այլ մտածողության առանձնահատկություններով։ Նման եզրակացության է եկել Նոր Զելանդիայի Քենթերբերիի համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի աշխատակից Սթիվեն Ագնյուն, գրում է Phys.org-ը։

Հետազոտությունը կասկածի տակ է դնում տարածված այն պատկերացումը, թե աղջիկներն ավելի վատ են կարողանում կառավարել գումարը։

Գիտնականները վերլուծել են Նոր Զելանդիայի դպրոցների 11–13-րդ դասարանների շուրջ 350 աշակերտի տվյալները։ Տղաներն ու աղջիկները գրեթե նույն արդյունքներն են ցույց տվել ընդհանուր ճանաչողական ընդունակությունների թեստերում, այդ թվում՝ տրամաբանական մտածողությունը գնահատող Ռավենի մատրիցաների և թվային ուղղի վրա թվերի դիրքը որոշելու առաջադրանքներում։

Տարբերություններն ի հայտ են եկել ճանաչողական ռեֆլեքսիայի թեստում (CRT)։ Այն ստուգում է՝ արդյոք մարդը կարողանում է կանգ առնել և մտածել խնդրի շուրջ՝ առաջին հայացքից ակնհայտ թվացող պատասխանն ընտրելու փոխարեն։ Ագնյուի խոսքով՝ ուսումնասիրված խմբում տղաների և աղջիկների՝ ֆինանսական գրագիտության առաջադրանքների արդյունքների տարբերությունը բացատրվում էր հենց այս թեստի ցուցանիշներով։

Հետազոտողն ընդգծում է, որ այս արդյունքները հարց են առաջացնում՝ կոնկրետ ի՞նչ հմտություններ են չափում ֆինանսական գրագիտության թեստերը։ Հնարավոր է՝ դրանք ստուգում են ոչ միայն ֆինանսական հարցերի իմացությունը, այլև տեղեկատվությունը վերլուծելու, ինտուիտիվ պատասխաններին չտրվելու և որոշումը մանրակրկիտ կշռադատելու կարողությունը։

Խնդիրը դուրս է գալիս դպրոցական գնահատականների շրջանակից։ Եթե թեստերի արդյունքները մշտապես ներկայացվում են որպես ապացույց, թե աղջիկներն ավելի վատ են կառավարում գումարը, դա կարող է ամրապնդել այդ կարծրատիպը և ազդել սեփական ֆինանսական կարողությունների մասին նրանց պատկերացումների վրա։

Ֆինանսական ինքնուրույնությունը մեծ նշանակություն ունի կանանց ապագայի համար։ Նրանք միջինում ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, և ավելի հաճախ կարող են բախվել ընտանեկան կարգավիճակի փոփոխությունների։ Ուստի գումարն ինքնուրույն կառավարելու կարողությունը հատկապես կարևոր է տարեց հասակում բարեկեցությունն ապահովելու համար։

Ագնյուն նշում է, որ ֆինանսական կոմպետենտությունը չի սահմանափակվում բանաձևերի իմացությամբ, օրինակ՝ բարդ տոկոսներ հաշվելու կարողությամբ։ Երիտասարդների ֆինանսական վարքագծի վրա ազդում են նաև ընտանիքը, ընկերները, հասարակական կարծրատիպերն ու փողի մասին պատկերացումները։ Այդ պատճառով մասնագետներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում «ֆինանսական կոմպետենտություն» հասկացությունը, որը ներառում է ոչ միայն գիտելիքները, այլև դրանք առօրյա կյանքում կիրառելու ունակությունը։

Այս մոտեցումն ընկած է FutureFX տարածաշրջանային ծրագրի հիմքում, որը մեկնարկում է Նոր Զելանդիայի Մարլբորո շրջանում։ Մի քանի տարվա ընթացքում այն կընդգրկի 30 դպրոց և շուրջ 7000 աշակերտ։

Կազմակերպիչները մտադիր են աշխատանքներում ներգրավել ծնողներին, ուսուցիչներին և դպրոցական համայնքներին, իսկ հետագայում՝ ծրագիրն ընդլայնել ամբողջ երկրում։