Եգիպտոսում արբանյակների և էլեկտրատոմոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերել են հողի տակ թաղված մոտ 2600 տարվա կառույց։

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Acta Geophysica ամսագրում։

Այն գտնվում է Նեղոսի դելտայում՝ Բուտո հնավայրում, և կարող է լինել տաճար, քրմերի կացարան կամ թաղման համալիր։ Գտածոն թվագրվում է Սաիսյան ժամանակաշրջանով, երբ Եգիպտոսում իշխում էր XXVI դինաստիան։

Հետազոտողները համադրել են եվրոպական Sentinel-1 արբանյակի ռադարային պատկերները էլեկտրատոմոգրաֆիայի տվյալների հետ։ Վերջինս երկրաֆիզիկական մեթոդ է, որը թույլ է տալիս առանց պեղումների ուսումնասիրել ստորգետնյա կառույցները։ Քանի որ տարբեր նյութեր, այդ թվում՝ հողը, աղյուսը, քարը և ջուրը, տարբեր կերպ են հաղորդում էլեկտրական հոսանքը, էլեկտրական դիմադրության չափումն օգնում է պարզել, թե ինչ է թաքնված մակերևույթի տակ։

Արբանյակային պատկերները բացահայտել են մոտ 128 մետր երկարությամբ և 62 մետր լայնությամբ ձվաձև անոմալիա։ Դրանից հետո գիտնականները հետազոտել են 5 400 քառակուսի մետր մակերեսով տարածք՝ հողի մեջ տեղադրելով հարյուրավոր մետաղական էլեկտրոդներ։ Ստացված տվյալները թույլ են տվել երեքից վեց մետր խորության վրա հայտնաբերել աղյուսաշեն կառույց։

Հետազոտություններն իրականացվել են Բուտոյի տարածքում՝ հնագույն բնակավայրում, որի պատմությունը շուրջ հինգ հազար տարվա վաղեմություն ունի։ Դրա ավերակներն աստիճանաբար ծածկվել են կավի ու տիղմի հաստ շերտերով, իսկ որոշ հատվածներ հայտնվել են ստորերկրյա ջրերի մակարդակից ցածր։ Դա դժվարացնում էր որոնումները և ավանդական պեղումները դարձնում ռիսկային, քանի դեռ գիտնականները չէին կարողացել որոշել, թե կոնկրետ որտեղ պետք է փնտրել։

Հետագա պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են խեցեղենի բեկորներ, հում աղյուսներ, ինչպես նաև բազմաթիվ կրոնական առարկաներ։ Գտածոների թվում են օձ-աստվածուհի Ուաջիթի, Անուբիս, Իսիդա և Հոր աստվածությունների պատկերներով հմայիլներ, Հաթորի պատկերով հախճապակե սալիկ և ընծաների անոթ։ Դրա մեջ կային տարբեր աստվածությունների պատկերներով հմայիլներ, այդ թվում՝ այսպես կոչված Ուաջեթի աչքի՝ Հորի ապաքինված աչքի խորհրդանիշի պատկերով։ Հետազոտողները գտել են նաև Թութմոս III փարավոնի պատկերով ստեատիտե հմայիլ։

Կրոնական արտեֆակտների ամբողջությունը թույլ է տալիս ենթադրել, որ կառույցը կարող էր փոքր տաճար լինել, սակայն դրա նշանակությունը դեռ պարզված չէ։ Գիտնականները չեն բացառում, որ կավի հաստ շերտի տակ թաքնված է ևս մեկ տաճար, որը դեռ պետք է ուսումնասիրվի։

Հետազոտողները նախատեսում են ընդլայնել երկրաֆիզիկական հետազոտությունները՝ հողի տակ թաղված այլ կառույցներ հայտնաբերելու և հնագույն բնակավայրի զարգացումն ավելի լավ հասկանալու համար։