Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում ՀԴԲ-ի կողմից ամենաշատ հետախուզվող տասը հանցագործների ցանկում ընդգրկված Ֆաուստո Իսիդրո Մեսա Ֆլորեսի ձերբակալությունից հետո բախումների հետևանքով տասնմեկ մարդ է զոհվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, Սինալոա նահանգում բախումների ընթացքում զոհվել են յոթ ենթադրյալ հանցագործ և չորս զինծառայող։ Չապո Իսիդրո մականունով հայտնի Մեսա Ֆլորեսը ձերբակալվել է ուրբաթ օրը՝ Գուասավե քաղաքում ուժայինների իրականացրած գործողության ժամանակ։

Զինված խմբավորումները դիմադրություն են ցույց տվել և մի շարք բնակավայրերում ճանապարհներ փակել, հայտնում է El Universal-ը։

Լրատվամիջոցը հայտնել է ավտոմեքենաների հրկիզումների և կրակոցների մասին, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներից։

Բռնության պատճառով ստիպված են եղել ընդհատել Գուասավեում ընթացող բեյսբոլի հանդիպումը։

Ավելի ուշ Սինալոա նահանգի կառավարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։ Միաժամանակ անվտանգության ուժերը շարունակել են աշխատել տեղերում՝ բացելով ճանապարհները և վերականգնելով կարգուկանոնը։

Մեսա Ֆլորեսի հետ ձերբակալվել են հանցավոր խմբավորման ևս երկու ենթադրյալ անդամներ՝ նրա զարմիկը, որին համարում են նրա տեղակալը, և փեսան, որը, ենթադրաբար, պատասխանատու էր կազմակերպության ֆինանսական գործառնությունների համար։ Շաբաթ օրը երեքին էլ ինքնաթիռով տեղափոխել են Մեխիկո և հանձնել կազմակերպված հանցավորության գործերով զբաղվող դաշնային դատախազներին։

ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ Մեսա Ֆլորեսը գլխավորում է Գուասավեի կարտելը, որը կապված է Բելտրան Լեյվա հանցավոր կազմակերպության հետ։ Նախկինում նա եղել է բանտարկված նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի մրցակիցը։

ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը (DEA) ձերբակալությունը «լուրջ հարված» է անվանել հանցավոր ցանցին, որին մեղադրում են Միացյալ Նահանգներ ֆենտանիլի և այլ թմրանյութերի մաքսանենգության մեջ։

ՀԴԲ-ն 5 միլիոն դոլարի պարգևավճար էր սահմանել Մեսա Ֆլորեսին ձերբակալելուն նպաստող տեղեկության համար։ Մեքսիկայի իշխանությունների տվյալներով, նրա նկատմամբ գործում է ձերբակալման ազգային օրդեր, իսկ ԱՄՆ-ն նրա արտահանձնման հարցում է ուղարկել։