ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) աշխատակիցները Սիեթլ-Տակոմա միջազգային օդանավակայանում դեպի Լոս Անջելես չվերթի նստեցման ժամանակ ուղևորներով լի հեռասանդուղքի վրա երկու մարդու են ձերբակալել, հաղորդում է NBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, և առաջացրել է ուղևորների և Alaska Airlines ավիաընկերության աշխատակիցների վրդովմունքը՝ հանգեցնելով թռիչքի ուշացմանը։

Միջադեպի տեսագրությունում երևում է, թե ինչպես են դիմակավորված գործակալները բռնի ուժով տանում ձերբակալվածներից մեկին։ Մոտակայքում գտնվող մի կին բղավում է, որ տանում են իր դստերը, և որ նա ԱՄՆ-ում աշխատելու թույլտվություն ունի։

ICE-ից հայտնել են, որ նպատակային գործողություն են իրականացրել Մեքսիկայի քաղաքացի Ռիկարդո Լառոնդո Մենդոսային ձերբակալելու համար, որը, գերատեսչության պնդմամբ, խախտել է ամերիկյան օրենսդրությունը՝ երկրում մնալով վիզայի ժամկետի ավարտից հետո։

ICE-ի տվյալներով, բախման ժամանակ մեկ այլ ուղևորուհի՝ Սոֆիա Էռնանդես Մեխիան, տաք սուրճ է նետել աշխատակիցների վրա։ Գերատեսչությունը պնդում է, որ նա նույնպես ԱՄՆ-ում ապօրինի է գտնվել վիզայի ժամկետի ավարտից հետո։ Նրան կարող է մեղադրանք առաջադրվել դաշնային ծառայողի վրա հարձակվելու համար։

Alaska Airlines-ի 1306 չվերթը, որը պետք է մեկներ տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:10-ին, հետաձգվել է։

Ավիաընկերությունից հայտնել են, որ ICE-ի աշխատակիցները գործողության մասին նախապես չեն տեղեկացրել իրենց։ Միջադեպը տեղի է ունեցել ավիափոխադրումների ամենածանրաբեռնված շրջաններից մեկում՝ Գոհաբանության տոնի նախաշեմին։

«Մենք մտահոգված ենք Alaska Airlines-ի 1306 չվերթի նստեցման ժամանակ իրավապահ մարմինների այսօրվա գործողություններով։ Մենք հասկանում ենք, թե որքան ծանր ու տագնապալի էր այս միջադեպը դրանից տուժած աշխատակիցների և ուղևորների համար», — ասվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ։ Ընկերությունն ընդգծել է, որ ձգտում է բոլոր ուղևորների նկատմամբ արժանապատիվ և հարգալից վերաբերմունք ցուցաբերել։

Նավահանգստային Սիեթլի վարչակազմը նույնպես տեղի ունեցածը հոգեբանական ցնցում պատճառած իրադարձություն է անվանել ձերբակալվածների ընտանիքի և մյուս ուղևորների համար։ Նավահանգստի ներկայացուցիչները հայտնել են, որ տեղական իշխանությունները կդիմեն դաշնային մարմիններին՝ պարզելու կատարվածի հանգամանքները։

Վաշինգտոն նահանգի նահանգապետ, դեմոկրատ Բոբ Ֆերգյուսոնը ICE-ի մեթոդներն անվանել է «ամերիկյան արժեքներին խորապես խորթ» և կոչ արել լուծարել գերատեսչությունը։

«Տեսանյութը սարսափեցնում է և սահմռկեցուցիչ վախ առաջացնում։ Մեզ անհրաժեշտ է ներգաղթային վերահսկողության և սահմանների պաշտպանության արդյունավետ, բարոյական ու մարդասիրական համակարգ։ ICE-ը չի համապատասխանում այդ պահանջներին։ Այս գերատեսչությունն այլևս հնարավոր չէ բարեփոխել», — հայտարարել է Ֆերգյուսոնը արհմիությունների ներկայացուցիչների և տեղական քաղաքական գործիչների հետ մամուլի ասուլիսում։

Նահանգապետը նաև հայտնել է, որ պարզում է, թե ինչպես են ICE-ի գործակալները մուտք ստացել հեռասանդուղք։ Նրա կարծիքով, նրանք կարող էին խախտել մարտին իր ստորագրած նահանգային օրենքը, որը սահմանափակում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից դեմքը ծածկող դիմակների օգտագործումը։

Ավելի քան 600 հազար աշխատողի ներկայացնող՝ Վաշինգտոն նահանգի AFL-CIO արհմիությունների խորհրդի նախագահ Էյփրիլ Սիմսը հայտնել է, որ ինքնաթիռում արհմիությունների անդամներ են եղել։ Ըստ նրա, դաշնային գործակալների գործողությունները խաթարել են օդային հաղորդակցությունը տարվա ամենածանրաբեռնված շրջաններից մեկում։

«Օդանավակայանների աշխատակիցներն առանց այդ էլ ահռելի ծանրաբեռնվածություն են կրում, ուղևորներն առանց այդ էլ անհանգստացած են, իսկ դաշնային գործակալները, հանգստությունն ու վստահությունը վերականգնելու փոխարեն, է՛լ ավելի շատ վախ ու քաոս են սերմանել», — հայտարարել է Սիմսը։

ICE-ն ամռանից ակտիվացրել է օդանավակայաններում ձերբակալությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն օտարերկրացիներին, որոնք ԱՄՆ-ում են մնացել վիզաների ժամկետի ավարտից հետո։