Ջակարտայից արևմուտք գտնվող հրուշակեղենի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս 36-ը համարվում են անհետ կորած, կիրակի օրը AFP գործակալությանը հայտնել է Ինդոնեզիայի փրկարար ծառայության ներկայացուցիչը։

Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը՝ կեսօրից հետո, երկրի մայրաքաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա՝ Սերանգ շրջանում գտնվող Fonusa Agung Mulia ձեռնարկությունում։ Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Տուբագուս Մահֆուձին հայտնել է, որ հրշեջների ժամանման պահին շենքն արդեն կրակի մեջ էր։

«Երբ հասանք դեպքի վայր, զգալի տարածք արդեն կրակի մեջ էր։ Այդ պատճառով չկարողացանք պարզել՝ արդյոք ձեռնարկության հակահրդեհային պաշտպանության համակարգը պատշաճ էր աշխատում», — ասել է նա Kompas TV հեռուստաալիքին։

Բանտեն նահանգի նահանգապետ Անդրա Սոնին հայտնել է, որ հրդեհի բռնկման պահին գործարանում, ենթադրաբար, մոտ 60 մարդ է եղել։ Եվս չորս տուժած տեղափոխվել է մոտակա հիվանդանոց և բուժկետ։

Անօդաչու թռչող սարքերով նկարահանված և հրապարակված կադրերում երևում են զգալի ավերածություններ․ շենքի տանիքը մասամբ փլուզվել է, իսկ համալիրից շարունակում էր ծուխ բարձրանալ։

Հրդեհի պատճառը պարզվում է, հայտնել է արտակարգ իրավիճակների տեղական վարչությունը։

Հրուշակեղեն արտադրող Fonusa Agung Mulia-ն Ինդոնեզիայում սպառողական ապրանքների և սննդամթերքի խոշոր արտադրողներից մեկի՝ UNIFAM-ի դուստր ընկերությունն է։