Հազարավոր մարդիկ շաբաթ օրը, չնայած հորդառատ անձրևին, ցույցի են դուրս եկել Լիսաբոնի կենտրոնում, հայտնում է Reuters-ը։
Ակցիայի մասնակիցները բողոքել են կյանքի թանկացման, խորացող բնակարանային ճգնաժամի և ցածր աշխատավարձերի դեմ։

Ակցիան կազմակերպել է Պորտուգալիայի արհմիությունների խոշորագույն համադաշնությունը՝ CGTP-ն։
Այն պահանջել է բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները, նվազեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների գները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել բնակարանների գների աճը զսպելու համար։

CGTP-ի տվյալներով, ցույցին մասնակցել են «հազարավոր» մարդիկ։ Հովանոցներով և անձրևանոցներով ցուցարարները երթով անցել են Լիսաբոնի երկու գլխավոր պողոտաներով։ Ոստիկանությունը մասնակիցների թվի վերաբերյալ գնահատական չի ներկայացրել։
Եվրոստատի տվյալներով, 2025 թվականին Պորտուգալիայում միջին տարեկան աշխատավարձը 37%-ով ցածր է եղել Եվրամիության միջին ցուցանիշից։ Հոկտեմբերին երկրում գնաճը հասել է 3,8%-ի՝ պարենամթերքի և էներգակիրների գների աճի ֆոնին, ինչին նպաստել է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը։

Պորտուգալիան նաև բախվում է Եվրոպայում բնակարանային ամենասուր ճգնաժամերից մեկին։ 2017 թվականից երկրում բնակարանների գներն ավելի քան կրկնապատկվել են, իսկ նոր բնակարանների վարձավճարները՝ գրեթե կրկնապատկվել։ Իրավիճակը հատկապես ծանր է անդրադառնում երիտասարդների վրա։
Ակցիան տեղի է ունեցել մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո, որոնց շրջանակում բնակարանային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները վրանային ճամբարներ էին հիմնել Լիսաբոնում և Պորտուում։ Ցույցը նաև Եվրոպայում կյանքի թանկացման և բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ավելի լայն ալիքի մաս է դարձել։ Միաժամանակ շաբաթ օրը Ֆրանսիայում հիմնականում խաղաղ երթերին ավելի քիչ մարդ է մասնակցել, քան նախորդ շաբաթներին։





























