Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին քաղաքային վարչակազմի աշխատանքը լուսաբանող լրագրողների թիմի հետ ֆուտբոլային խաղի ժամանակ վնասել է աջ ոտքի աքիլեսյան ջիլը, հայտնում է Politico-ն։

Ուրբաթ առավոտյան կայացած մամուլի ասուլիսին նա ներկայացել է անվասայլակով՝ օգտվելով նաև հենակներից։

«Երեկ երեկոյան մամուլի ներկայացուցիչների հետ ֆուտբոլային ընկերական հանդիպում անցկացրինք և հաղթեցինք 10։5 հաշվով», — պատմել է Մամդանին։ Ըստ նրա, հաշիվը վիճարկվում է. մյուս մասնակիցները նշել են 8։4 կամ 8։5 արդյունքները։

«Խաղադաշտ դուրս գալուց կարճ ժամանակ անց գոլ խփեցի ու մոռացա, որ 35 տարեկան եմ։ Իսկ դրանից քիչ անց վնասեցի աքիլեսյան ջիլս», — հավելել է քաղաքապետը։

Մամդանին հայտնել է, որ առաջիկա վեցից ութ շաբաթվա ընթացքում ստիպված է լինելու օրթոպեդիկ կոշիկ կրել, իսկ ֆուտբոլ խաղալուն հույս ունի վերադառնալ մոտ ինն ամսից։

Խաղի մեծ մասի ընթացքում Մամդանին ակտիվորեն մասնակցել է քաղաքապետարանի թիմի գրոհներին լրագրողների դեմ, որոնց թվում էին POLITICO-ի երկու թղթակիցներ։ Նա խաղի սկզբում գոլ է խփել և մի քանի անգամ սպառնացել մրցակցի դարպասին։ Վարչակազմի թիմի դարպասապահը քաղաքապետի մամուլի քարտուղար Ջո Կալվելոն էր։

Խաղի ավարտից մի քանի րոպե առաջ Մամդանին անհաջող վայրէջք է կատարել աջ ոտքի վրա ու ընկել։ Խաղը դադարեցրել են։ Լրագրող Դևիդ Բրանդի օգնությամբ նա կարողացել է լքել խաղադաշտը, որից հետո սառույց է դրել վնասված ոտքին։ Ավելի ուշ քաղաքապետը դիմել է հիվանդանոց։ Նրա անվտանգության ծառայությունը նաև ստուգել է՝ արդյոք մրցակիցների կողմից կանոնների խախտում չի եղել. աքիլեսյան ջիլի պատռվածքը երբեմն ուղեկցվում է այնպիսի զգացողությամբ, կարծես ոտքին հարվածել են։

Վնասվածքը կարող է լրջորեն սահմանափակել Մամդանիի սովորական աշխատանքային գրաֆիկը։ Քաղաքապետը պարբերաբար օրական մի քանի մամուլի ասուլիս է անցկացնում Նյու Յորքի տարբեր թաղամասերում, ինչպես նաև հաճախ է հայտնվում սոցիալական ցանցերի տեսանյութերում։ Սպորտը կարևոր տեղ է զբաղեցնում նրա հանրային կերպարում. ամռանը նա մասնակցել է «Նյու Յորք Նիքս» բասկետբոլային թիմի չեմպիոնությանը նվիրված միջոցառումներին, պատրաստվել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և ոստիկանության մարզահրապարակում երեկոյան բասկետբոլային խաղեր կազմակերպել։

Մամդանին խոստովանել է, որ խաղից առաջ նախավարժանք չի արել։

«Ես ձգման վարժություններ չեմ արել», — ասել է նա ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում։

Նախկինում Նյու Յորքի այլ քաղաքապետեր ևս պաշտոնավարման ընթացքում մարզական վնասվածքներ են ստացել։ Բիլ դե Բլազիոն մի անգամ սոֆթբոլ խաղալիս բախվել է աշխատակցի հետ և քերծել քիթը, իսկ Դևիդ Դինքինսը Նյուարքի քաղաքապետի հետ թենիս խաղալիս գնդակի հարված է ստացել աչքին և ստիպված է եղել աչքակապ կրել։