Շաբաթ երեկոյան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով հետաքննել հոգեբուժական հիվանդանոցում 32-ամյա Քրիստիան Յոսիպ Պերիսի մահը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել, հայտնում է Reuters-ը։

Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել խստացնել բժշկական հաստատություններում բուժման մեթոդների և պացիենտների նկատմամբ վերաբերմունքի վերահսկողությունը։

Նախկին մարզիկ և մարզիչ Պերիսը մահացել է հոկտեմբերի 21-ին՝ Սուրբ Իվան Յանկոմիրի կլինիկա ընդունվելուց հետո։ Հանրային վրդովմունքի պատճառ են դարձել տեղական լրատվամիջոցների հրապարակած՝ հիվանդանոցի տեսահսկման տեսախցիկների տեսագրությունները։ Լրատվամիջոցների հաղորդմամբ, կադրերում աշխատակիցները բռնած պահում են կապկպված պացիենտին՝ բարձը սեղմելով նրա դեմքին։

Ընտանիքի փաստաբան Լեոն Զրնիչը հայտարարել է, որ տեսագրություններում երևում է, թե ինչպես են Պերիսին ծեծում և խեղդում։

Նրա հաղորդմամբ, տղամարդու կողոսկրերը նույնպես կոտրված են եղել, իսկ նրա նկատմամբ կատարված ապօրինի գործողությունները հանգեցրել են մահվան։

Զագրեբում ցուցարարները հավաքվել են բան Յոսիպ Ելաչիչի հրապարակում՝ մոմերով և սպիտակ բարձերով։ Նմանատիպ ակցիա է տեղի ունեցել նաև ծովափնյա Ռիեկա քաղաքում, որտեղ, ըստ լրատվամիջոցների, հավաքվել է շուրջ հազար մարդ, և անցկացվել է բողոքի երթ։

«Ես դիտեցի տեսահսկման տեսախցիկների տեսագրությունը և ցնցվեցի տեսածս չարությունից։ Հուսով եմ՝ սա երբեք չի կրկնվի», — հայտարարել է Զագրեբում ակցիայի մասնակից Միռնա Ստրուգարը։

Խորվաթիայի իշխանությունները հետաքննության շրջանակում ձերբակալել են հիվանդանոցի մի քանի աշխատակցի։

Չորս բուժտեխնիկ կասկածվում է խոցելի անձի՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեջ։ Քննությունը նաև ընդլայնել է ստուգման ենթարկվող այն աշխատակիցների շրջանակը, որոնք միջադեպի պահին գտնվել են կլինիկայում։