Սիցիլիայի հին հունական Հիմերա գաղութի երեխաները սկսում էին պինդ սնունդ ուտել արդեն երեք ամսականում, սակայն շարունակում էին կրծքի կաթ ստանալ մոտավորապես մինչև 3,8 տարեկանը։ Այս եզրակացությանն են եկել հետազոտողները՝ ուսումնասիրելով ավելի քան 2500 տարի առաջ ապրած երեխաների ոսկորների քիմիական կազմը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Archaeology ամսագրում։

Հիմերան գոյություն է ունեցել Սիցիլիայում մ.թ.ա. VII–V դարերում։ Հույն գաղութարարների հիմնադրած բնակավայրը ժամանակի ընթացքում վերածվել է խոշոր քաղաքի, որտեղ ապրում էին հույներ, փյունիկեցիներ և Սիցիլիայի տեղաբնիկներ։ Չնայած մշակութային տարբերություններին՝ այս խմբերի ներկայացուցիչները, դատելով հետազոտության արդյունքներից, մանկիկներին կերակրելու նմանատիպ սովորույթներ ունեին։

Ջորջիայի համալսարանի կենսաբանական մարդաբան Լորի Ռայթսեմայի գլխավորած թիմը վերլուծել է 58 երեխայի և 27 չափահաս կնոջ ոսկորներ։ Գիտնականներն ուսումնասիրել են ածխածնի և ազոտի իզոտոպների հարաբերակցությունը, որը թույլ է տալիս վերականգնել վաղ մանկության հասակում կերակրման առանձնահատկությունները։

Ազոտի իզոտոպների մակարդակն օգնում է որոշել, թե երեխան որքան ժամանակ է կրծքի կաթ ստացել, քանի որ կրծքով կերակրման ընթացքում այդ ցուցանիշները տարբերվում են կերակրման այլ տեսակներին բնորոշ ցուցանիշներից։ Ածխածնի իզոտոպներն էլ պատկերացում են տալիս բուսական սննդի մասին, որը երեխաները սկսում էին ուտել հավելյալ սնուցման անցնելիս։

Պարզվել է, որ Հիմերայում երեխաներին սկսում էին պինդ սնունդ տալ մոտ երեք ամսականում՝ երկու-երեք ամիս ավելի շուտ, քան խորհուրդ էին տալիս անտիկ շրջանի որոշ բժիշկներ, այդ թվում՝ Գաղենոսը և Սորանոսը։ Միաժամանակ կրծքով կերակրումը շարունակվում էր զգալիորեն ավելի երկար՝ միջինում մինչև 3,8 տարեկանը։ Սորանոսը խորհուրդ էր տալիս երեխաներին կրծքից կտրել մեկուկես տարեկանում, իսկ Գաղենոսը կարծում էր, որ կերակրումը պետք է դադարեցնել մինչև երեք տարեկանը։

Կրծքով երկարատև կերակրումը կարող էր նպաստել Հիմերայում մանկական մահացության ցածր մակարդակին։ Ըստ Ռայթսեմայի, կրծքի կաթը մեծացնում է մանկիկների գոյատևման հավանականությունը, հատկապես այն պայմաններում, երբ մաքուր խմելու ջուրը մշտապես հասանելի չէ։

Սակայն հետազոտողները նշում են մի կարևոր սահմանափակում. վերլուծվել են վաղ տարիքում մահացած երեխաների աճյուններ։ Ուստի չի կարելի բացառել, որ սնուցման բացահայտված առանձնահատկություններն արտացոլում են ոչ թե խնամքի լավագույն գործելակերպը, այլ այն դժվարությունները, որոնց բախվում էին որոշ ընտանիքներ։

Կրծքով կերակրման նմանատիպ առանձնահատկություններ հայտնաբերվել են նաև մեկ այլ հունական գաղութում՝ Պոնտական Ապոլոնիայում, որը գտնվում էր Սև ծովի ափին՝ ներկայիս Բուլղարիայի տարածքում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ միմյանցից հեռու գտնվող հունական համայնքներն ունեին երեխաների խնամքի որոշ ընդհանուր ավանդույթներ։ Միաժամանակ հռոմեական քաղաքների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այնտեղ կրծքից կտրելու գործելակերպերը շատ ավելի բազմազան էին։

Ռայթսեմայի կարծիքով, մանուկների սնուցման ուսումնասիրությունն օգնում է հասկանալ, թե տարբեր մշակութային խմբերն ինչպես էին փոխազդում առօրյա կյանքում. արդյոք նրանք փոխառում էին միմյանց սովորույթները, պահպանում էին սեփական ավանդույթները, թե համագոյակցում էին՝ առանց դրանք միախառնելու։ Հետագայում գիտնականները նախատեսում են ուսումնասիրել Հիմերայի չափահաս բնակիչների աճյունները, որոնց մանկությունը կարող էր էապես տարբերվել վաղ տարիքում մահացած երեխաների փորձառությունից։