2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է «Հետքը»։
«Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական ագրեսիաներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձևավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որևէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:
Վայոց Ձորում և Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Նախորդ հոդվածում անդրադարձել ենք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին: Այս անգամ կպատմենք Վայոց Ձորի մասին:
Վայոց Ձորի մարզում 2022 թ. սեպտեմբերյան հարձակման արդյունքում Ադրբեջանը մոտ 65 քկմ է զավթել ՀՀ սուվերեն (ինքնիշխան) տարածքից: Խոսքը կոնկրետ այս մարզից կորսված հողերի մասին է, սակայն շուրջ 8.5 քկմ էլ Հայաստանը կորցրել է Կարմրակատար լեռից (3058 մ, գտնվում է Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանագլխին) հարավ՝ Սյունիքի մարզում:
65 քկմ-ն հավասար է 100 հատ Երևանյան լճի: Մյուս կողմից՝ այս օկուպացիոն գոտին ամբողջությամբ բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) է, որը պետական սեփականություն է: Խոսքը Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի մասին է: Օկուպանտների դիտարկման ու նշանառության տակ է հայտնվել նաև դրա հարևան Ջերմուկի անտառային պետական արգելավայրը:
65 քկմ-ի մեջ, ինչպես ասվեց, ներառված չէ չեզոք գոտու տարածքը, որը ձևավորվել է թե՛ ջրաբանական, թե՛ անտառային արգելավայրերի հողերի հաշվին: Այսինքն՝ 2022-ին աշնանն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երկու ԲՀՊՏ-ներն էլ տարածքային կորուստներ են ունեցել:
Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 %-ն օկուպացված է:
Ջերմուկի ջրաբանական արգելավայրը ստեղծվել է ՀՀ կառավարության 17.09.2009 թ. որոշմամբ: Այն գտնվում է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում՝ ակունքից մինչև եզրափակման կետը՝ «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը: Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի, դրանց կենսաբազմազանության պահպանությունը, ինչպես նաև հողի, օդի, ջրի և կենսաբազմազանության ամբողջականության, բնական պաշարների, հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներ են Արփա գետի վերին հոսանքի ջրաէկոհամակարգը, բնական, այդ թվում՝ հանքային ջրերի աղբյուրների ելքերը, բնության կենդանի և անկենդան հուշարձանները:
Պաշտոնական տվյալներով՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրում հանդիպում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անողնաշար կենդանիների 3 տեսակ:
Կառավարության վերոնշյալ որոշման հիման վրա Ջերմուկի ջրաբանական արգելավայրը 2010-ին մտցվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմ, որը ներկայում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը (ՇՄՆ) ենթակա կազմակերպություն է: Նույն տարում հաստատվել են արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծն ու տարածքի չափը: Ըստ այդմ՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքը 17,371.76 հա է կամ 173.7 քկմ: Օկուպացված տարածքը (ըստ Google Maps-ով մեր չափումների՝ 64.6 քկմ) հավասար է արգելավայրի 37.2 տոկոսին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։





























