Գերմանիայում ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել Համբուրգ-Հարբուրգ երկաթուղային կայարանում այն բանից հետո, երբ ուղևորները 23-ամյա տղամարդու մոտ ատրճանակի նմանվող առարկա են նկատել, հայտնում է dpa-ն։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Հանովերից Համբուրգ ուղևորվող գնացքում։ Ուղևորներից մեկը, երիտասարդի մոտ զենք տեսնելով, զանգահարել է արտակարգ ծառայություններ։
Համբուրգ-Հարբուրգ կայարան են ժամանել պաշտպանիչ սաղավարտներով զինված ոստիկաններ։ Նրանք ձերբակալել են կասկածյալին և ձեռնաշղթաներ հագցրել նրան, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Զննության ժամանակ տղամարդու պայուսակում հայտնաբերել են ազդանշանային ատրճանակի փամփուշտներ և կենդանիներին վանելու համար նախատեսված աերոզոլ։ Բացի այդ, ոստիկանները գնացքում հայտնաբերել են առանց հսկողության թողնված ազդանշանային ատրճանակ։ Տղամարդն ընդունել է, որ զենքն իրեն է պատկանում։
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալվածը տվյալ զենքը պահելու թույլտվություն չի ունեցել։ Տղամարդու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Շաբաթ օրը՝ ցերեկը, նրան ազատ են արձակել։





























