«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջակողմյան կուսակցության համանախագահ Տինո Խրուպալան կոչ է արել երկրից շուրջ 2,6 մլն մարդու արտաքսել, հայտնում է Welt-ը։

Բացի Գերմանիան լքելու պարտավորություն ունեցող օտարերկրացիներից և հանցագործությունների համար դատապարտված միգրանտներից՝ նա այս խմբում ներառել է նաև սիրիացիներին, աֆղաններին և ուկրաինացիներին, եթե վերանան նրանց տրամադրված պաշտպանության հիմքերը։

Bild պարբերականի Unter Zwei փոդքասթին տված հարցազրույցում Խրուպալան իր դիրքորոշումը բացատրել է միգրանտների ծագման երկրներում հնարավոր փոփոխություններով։ Ըստ նրա, եթե Ուկրաինայում պատերազմն ավարտվի, կամ Սիրիայում ու Աֆղանստանում անվտանգության իրավիճակն այնքան բարելավվի, որ մարդիկ այլևս պաշտպանության կարիք չունենան, նրանք պետք է վերադառնան հայրենիք։

«Եվ այստեղ խոսքը 2,6 միլիոն մարդու մասին է», — հայտարարել է քաղաքական գործիչը։

Նախաձեռնությունը տարաձայնություններ է առաջացրել հենց AfD-ի ներսում։ Խրուպալայի կուսակից Մաքսիմիլիան Կրան ավելի վաղ զգուշացրել էր արտաքսումների ծավալների վերաբերյալ չափազանց մեծ սպասելիքներից։ Նրա գնահատմամբ, նույնիսկ 200 հազար մարդու վերադարձը կդառնար Եվրոպայի հետպատերազմյան պատմության մեջ նման խոշորագույն գործողությունը։

Կոնստանցի համալսարանի միգրացիոն իրավունքի փորձագետ Դանիել Թիմը նույնպես քննադատել է AfD-ի ղեկավարի հայտարարությունը։ Նրա կարծիքով, Խրուպալան այնպիսի տպավորություն է ստեղծում, թե միլիոնավոր ուկրաինացիների, սիրիացիների և աֆղանների կարելի է ինքնաբերաբար և կարճ ժամկետում արտաքսել երկրից։

Սակայն իրավական տեսանկյունից դա անհնար է. պաշտպանության կարգավիճակը պետք է ստուգվի յուրաքանչյուր առանձին դեպքում։

Թեև այն հանգամանքները, որոնց հիման վրա անձին պաշտպանություն է տրամադրվել, կարող են փոխվել, դա չի նշանակում, որ տվյալ երկրի բոլոր քաղաքացիների պաշտպանությունն ինքնաբերաբար դադարեցվում է։ Ուստի, Թիմի գնահատմամբ, Խրուպալայի նշած թիվը զգալիորեն ուռճացված է։

Bild-ի ներկայացրած վերջին հասանելի տվյալներով, 2026 թվականի կեսերի դրությամբ Գերմանիայում շուրջ 259 հազար մարդ պարտավոր էր լքել երկիրը՝ ապաստան տրամադրելու մերժում ստանալու և բնակության այլ իրավունք չունենալու պատճառով։

Ընդ որում՝ նրանց մոտ 77%-ն ուներ Duldung կարգավիճակ՝ արտաքսման ժամանակավոր հետաձգում, որը կասեցնում է արտաքսումը։