Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և 6 ուղևորներին առաջինն օգնության են հասել պարեկներն ու երկու երիտասարդ տղաներ, որոնցից մեկը Մարալիկի բնակիչ է։
Պարեկները կարողացել են ճիշտ կողմնորոշվել և ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 6 ուղևորներին, ինչից հետո պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչով պայքարել են կրակի դեմ։ Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։





























