Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դժգոհություն է հայտնել՝ իտալացի քաղաքական գործիչներին ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում ընդգրկելու առնչությամբ։ Նա տեղի ունեցածն անընդունելի է անվանել Բեռլինում «Ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովի շրջանակում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Il Fatto Quotidiano թերթը։
«Վլադիմիր, սա անընդունելի է՝ թե՛ Սալվինիի, թե՛ բոլոր իտալացիների նկատմամբ», — հայտարարել է Մելոնին։
Դիմելու առիթը Իտալիայի փոխվարչապետ, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիին «Միրոտվորեցի» տվյալների բազայում ընդգրկելն էր։ Ավելի վաղ ցուցակում էին հայտնվել նաև իտալական «Հինգ աստղերի շարժումից» Եվրախորհրդարանի պատգամավորներ։ Այդ շարժումը դեմ է Կիևին ռազմական օգնության շարունակմանը և հանդես է գալիս հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին։
Սալվինին ուկրաինական կողմից պարզաբանումներ և ներողություն է պահանջել՝ չբացառելով, որ արձագանքի բացակայությունը կարող է ազդել Ուկրաինային հետագա ռազմական օգնություն տրամադրելու հարցում Իտալիայի դիրքորոշման վրա։ Նա հայտարարել է, որ Հռոմը պետք է հետևություններ անի, եթե չլինեն հերքում, հրապարակումների դատապարտում և կայքից հեռավորություն պահելու հայտարարություն։
Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Կիևում երկրի դեսպան Կառլո Ֆորմոզային հանձնարարել էր պարզաբանումների համար դիմել Ուկրաինայի իշխանություններին՝ «Հինգ աստղերի շարժումից» Եվրախորհրդարանի պատգամավորներին «հակաուկրաինականների» ցուցակում ընդգրկելուց հետո։
Իտալիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ կարծիքի արտահայտման ազատությունն ու քաղաքական բազմակարծության նկատմամբ հարգանքը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներ են։ Միաժամանակ գերատեսչությունը վերահաստատել է, որ Իտալիան կշարունակի աջակցել Ուկրաինային։
Ի պատասխան՝ Հռոմում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարել է, որ «Միրոտվորեցը» ուկրաինական պետության տեղեկատվության պաշտոնական աղբյուր չէ, չի մտնում պետական մարմինների համակարգի մեջ և լիազորված չէ ներկայացնելու Կիևի դիրքորոշումը։
Մելոնին և Զելենսկին հանդիպել են Բեռլինում նոյեմբերի 19-ին՝ Ուկրաինային աջակցությանը նվիրված «Ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովում։





























