Բելգիայում երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, ավիադիսպետչերների համազգային գործադուլի պատճառով ամբողջությամբ կդադարեցվի կանոնավոր օդային հաղորդակցությունը, հայտնում է RTBF-ը։

Օդային երթևեկության կառավարման համար պատասխանատու Skeyes ընկերությունը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 07:00-ից մինչև 21:00-ն չի կարողանա ապահովել կանոնավոր ավիափոխադրումների անվտանգությունը։ Այդ ընթացքում կսպասարկվեն միայն արտակարգ և անվտանգության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող այլ չվերթներ։

Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում այդ օրվա համար նախատեսված էր 429 չվերթ, որոնցից պետք է օգտվեր շուրջ 59,5 հազար ուղևոր՝ 28 հազարը՝ մեկնող, 31,5 հազարը՝ ժամանող։

Brussels Airlines ավիաընկերությունը քննադատել է օդային տարածքի փակման մասին ուշացած հայտարարությունը։ Ընկերության հաղորդմամբ, դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ դեռ ակնկալվում էր, որ գործադուլը գրեթե չի անդրադառնա օդանավակայանի աշխատանքի վրա։ Բրյուսել-Շառլեռուա օդանավակայանը նույնպես դժգոհություն է հայտնել՝ նշելով, որ նախապես պատրաստվել էր բողոքի ակցիաների օրը աշխատելուն։

Ուղևորներին խորհուրդ է տրվում առանց ավիաընկերության հաստատման չմեկնել օդանավակայան։ Փոխադրողները պետք է տեղեկացնեն հասանելի տարբերակների, այդ թվում՝ տոմսերի վերամրագրման և գումարի վերադարձի մասին։

Շուրջ 25 ավիաընկերություն միավորող Board of Airline Representatives in Belgium ասոցիացիան հայտարարել է, որ այս ակցիան տասնմեկ ամսվա ընթացքում օդային տարածքին առնչվող արդեն տասնմեկերորդ գործադուլն է։ Կազմակերպությունը կարծում է, որ կրկնվող բողոքի ակցիաները սպառնում են երկրի տրանսպորտային հասանելիությանը, տնտեսությանը և միջազգային հեղինակությանը։

Գործադուլն անցկացվում է Բելգիայի կառավարության քաղաքականությամբ նախատեսված խնայողության միջոցառումների դեմ արհմիությունների համազգային ակցիայի շրջանակում։