ԱՄՆ Սենատի հանրապետականները մտադիր են արգելափակել Պենտագոնի ղեկավար պաշտոններում նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած առնվազն երկու թեկնածուի հաստատումը։ Այս դիմակայությունն արտացոլում է Հանրապետական կուսակցության ներսում պաշտպանության քաղաքականության և վարչակազմի արտաքին քաղաքական ուղեգծի շուրջ խորացող տարաձայնությունները, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով գործող և նախկին պաշտոնյաներին։

Խոսքն Օսթին Դամերի և Ալեքս Վելես-Գրինի մասին է, որոնց ավելի քան մեկ տարի առաջ առաջադրել էին Պենտագոնի ռազմավարության, պլանավորման և կարողությունների վարչության տնօրենի ու փոխտնօրենի պաշտոններում։ Չնայած նրանց հաստատմանը հասնելու ուղղությամբ վարչակազմի բազմամսյա ջանքերին՝ թեկնածուներին անհրաժեշտ թվով ձայներ չեն բավականացնում։ Նրանք չեն ընդգրկվի այս տարի Սենատի քննարկմանը ներկայացվող հավակնորդների վերջին ցուցակում։

Ակնկալվում է, որ դեմոկրատները, որոնք միջանկյալ ընտրություններում հաղթելուց հետո հունվարին վերահսկողություն կստանան Կոնգրեսի նկատմամբ, նույնպես չեն աջակցի այս թեկնածուներին։ Միաժամանակ Պենտագոնում չեն բացառում, որ հաջորդ տարի Դամերին և Վելես-Գրինին կրկին կառաջադրեն նույն պաշտոններում։

Նրանց նշանակումներին դիմադրությունը սկսվել է Պենտագոնի պաշտպանական քաղաքականության վարչության ղեկավար Էլբրիջ Քոլբիի և Կոնգրեսի հանրապետականների միջև հակամարտության ֆոնին։ Անցյալ տարի Պենտագոնը հայտարարեց Ռումինիայից բանակային բրիգադի դուրսբերման մասին՝ որոշումը չհամաձայնեցնելով օրենսդիրների հետ։ Արտաքին քաղաքական կոշտ ուղեգծի կողմնակից հանրապետականները քննադատեցին պաշտոնյաներին։ Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը Քոլբիին մեղադրեց բրիգադի դուրսբերման հանգամանքների վերաբերյալ ստելու մեջ։ Քոլբին հերքեց մեղադրանքը։

Ըստ պարբերականի, նշանակումներին դեմ արտահայտվողներն այս հակամարտությունը կապում են Հանրապետական կուսակցության ներսում Թրամփի «Ամերիկան՝ ամենից առաջ» արտաքին քաղաքական սկզբունքի շուրջ ավելի լայն տարաձայնությունների հետ։

Վարչակազմը դժվարությունների է բախվում նաև ռազմական ոլորտի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հաստատման հարցում։ Մասնավորապես, ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնում Հունգ Կաոյի թեկնածությունը քննադատության է արժանացել երկու կուսակցությունների կողմից։ Օրենսդիրները դժգոհություն են հայտնել ավիակիրների էլեկտրամագնիսական կատապուլտները հնացած շոգեշարժ համակարգերով փոխարինելու ծրագրերի առնչությամբ, ինչը կարող է միլիարդավոր դոլարներ արժենալ։ Հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերը հայտարարել է, որ շոգեշարժ կատապուլտներին վերադառնալն «անընդունելի է»։

Ձգձգվում է նաև բանակի շտաբի պետի պաշտոնում գեներալ Քրիս Լանիվի հաստատումը։ Որոշ հանրապետականներ դեմ են նրա թեկնածությանը։ Ավելի վաղ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պաշտոնանկ էր արել այդ պաշտոնը զբաղեցնող գեներալ Ռենդի Ջորջին՝ հրապարակայնորեն չբացատրելով իր որոշման պատճառները։

Մինչ այդ Պենտագոնի ղեկավարությունը փորձում է հասնել նրան, որ հանրապետականները պաշտպանության համար լրացուցիչ 350 մլրդ դոլար հատկացնեն։ Այդ միջոցները նախատեսվում է ուղղել ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը, այդ թվում՝ Իրանի դեմ Թրամփի վարչակազմի պատերազմի ընթացքում սպառված զինամթերքի և սպառազինության պաշարների համալրմանը։ Սակայն Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտարարել է, որ նախ կփորձի ապահովել պաշտպանական ծախսերի մասին երկկուսակցական օրինագծի ընդունումը։