Ուկրաինան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միջին և մեծ հեռահարության ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության շուրջ, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Համապատասխան նախագծային համաձայնագրերը ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան և Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ուես Սթրիթինգը։

Արդեն իրենց արդյունավետությունն ապացուցած անօդաչու թռչող սարքերի արտադրությունը կֆինանսավորի Մեծ Բրիտանիան։ Պատրաստի արտադրանքը կուղղվի ուկրաինացի զինվորականների կարիքներին։

Խմարան նշել է, որ համագործակցությունը թույլ կտա համատեղել ուկրաինական պաշտպանական մշակումներն ու մարտական գործողությունների փորձը Մեծ Բրիտանիայի արտադրական հնարավորությունների հետ՝ փորձարկված սպառազինության զանգվածային արտադրությունն ավելի արագ կազմակերպելու համար։

Բանակցությունների առանձին թեմա է դարձել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումը։ Խմարան շնորհակալություն է հայտնել Լոնդոնին ՀՕՊ-ի համար նախատեսված օգնության փաթեթի համար, որի մասին հայտարարվել էր Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի՝ «Ռամշտայն» ձևաչափով նիստում։

Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկրներից մեկը, որոնք սեփական պաշարներից Ուկրաինային են փոխանցել LMM հրթիռներ՝ ապագա մատակարարումների հաշվին։ Այս հրթիռները հատկապես կարևոր են «Շահեդ» տիպի ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար։ Կողմերը քննարկել են նաև LMM հրթիռների հետագա մատակարարումների արագացումը։

Բացի այդ, հանդիպման մասնակիցները դիտարկել են Ուկրաինայի հեռահար սպառազինության ընդլայնման և ուկրաինական արտադրության հրթիռների արդիականացման հնարավորությունները։

Խմարան մասնակցել է նաև բրիտանական պատվիրակության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Կիևին հետագա ռազմական աջակցությունը և երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացումը։