Հարավային Կորեայի կրթության նախարար Չխվե Գյո Ջինը հրաժարական է տվել՝ բուհերի ընդունելության քննության ժամանակ արհեստական բանականության օգնությամբ արտագրելու դեմ ձեռնարկված միջոցառումների շուրջ սկանդալից հետո, հայտնում է Yonhap-ը։

Իշխանությունները արտակարգ ստուգումներ են սկսել և ամբողջ երկրում բջջային հեռախոսներին նախազգուշացումներ ուղարկել, ինչը խառնաշփոթ է առաջացրել ու անհանգստացրել անգամ քննության բարեխիղճ մասնակիցներին։

Չխվեն հայտարարել է, որ պատասխանատվություն է ստանձնում հինգշաբթի կայացած ամենամյա «Սունըն» քննությունից առաջ հապճեպ ձեռնարկված միջոցառումների հետևանքների համար։ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը, որը հանդես է գալիս ընդունելության քննությունների գործող համակարգի բարեփոխման օգտին, ընդունել է նրա հրաժարականը։

Վերահսկողության խստացման առիթ է դարձել 34-ամյա Հան Վոն Սոկի հետ կապված սկանդալը. նա ապրիլին հարկային հաշվապահների համապետական քննության ժամանակ լավագույն արդյունքն էր գրանցել։ Վերջերս նա խոստովանել է, որ արտագրելու համար օգտագործել է մանրաչափ տեսախցիկ, բջջային հեռախոս և արհեստական բանականություն։ Տղամարդը թաքնված տեսախցիկով լուսանկարել է առաջադրանքները, պատկերներն ուղարկել ԱԲ-ին, ապա պատասխանները ստուգել սմարթֆոնով։ Կասկածներ են առաջացել անսովոր բարձր արդյունքի պատճառով. նա 160 հարցից միայն մեկին էր սխալ պատասխանել։

Խոստովանությունից հետո Հարավային Կորեայի իշխանությունները շտապ ուժեղացրել են անվտանգության միջոցառումները «Սունընից» առաջ։ Քննության օրը՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 15:00-ն, ամբողջ երկրում բջջային հեռախոսներին երեք անգամ արտակարգ ծանուցումներ են ուղարկվել։

Ազդանշանները հնչել են նույնիսկ անձայն ռեժիմով աշխատող սարքերում և ռոումինգից օգտվող զբոսաշրջիկների հեռախոսներում։ Ծանուցումներ չեն ստացել միայն անջատված սարքերն ու թռիչքային ռեժիմում գտնվող հեռախոսները։ Արտակարգ իրավիճակների մասին ազդարարման ազգային համակարգն առաջին անգամ օգտագործվել է քննության կանոնները խախտողներին հայտնաբերելու համար։

Քննություն հանձնողներին նաև պարտավորեցրել են ծածկել վերնաշապիկների և բաճկոնների կոճակները՝ թաքնված տեսախցիկների օգտագործումը բացառելու նպատակով։ Ստուգել են նաև ակնոցները՝ մտավախություն ունենալով, որ դրանցում կարող են ներկառուցված էլեկտրոնային սարքեր լինել։

Կրթության նախարարության տվյալներով, այս տարի քննությանը մասնակցել է շուրջ 500 հազար մարդ, իսկ 111 մասնակցի մոտ հայտնաբերվել են արգելված խելացի սարքեր։

Լայնածավալ ստուգումները անհանգստություն են առաջացրել նաև նրանց շրջանում, ովքեր չէին պատրաստվում արտագրել։ Որոշ դպրոցականներ վախենում էին, որ իրենց հաստ շրջանակով սովորական ակնոցները կարող են խելացի ակնոցների տեղ ընդունել, իսկ քննություն հանձնողներից մեկը որոշել էր կոնտակտային ոսպնյակներ կրել՝ կասկածներ չհարուցելու համար։

«Սունընը» տևում է մինչև ինը ժամ և հսկայական դեր է խաղում հարավկորեացի երիտասարդների հետագա կարիերայում, քանի որ քննության արդյունքները մեծապես որոշում են հեղինակավոր համալսարաններ ընդունվելու հնարավորությունը։