Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակ թաղամասի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ահազանգում են անձրևների հետևանքների մասին։
Նրանց վկայությամբ, յուրաքանչյուր անձրևից հետո փողոցներն ու բակերը հեղեղվում են, մեծ ջրափոսեր են գոյանում, իսկ թաղամասում տեղաշարժվելը գործնականում անհնար է դառնում։
Տեղի բնակիչները պատմում են, որ չեն կարողանում բնականոն կերպով տնից դուրս գալ և տեղաշարժվել փողոցներով։ Մեքենայից տուն հասնելու համար մարդիկ երբեմն ստիպված են լինում փայտե տախտակներից ինքնաշեն կամրջակներ սարքել։ Որոշ դեպքերում ջրի կուտակման պատճառով բնակիչները փաստացի արգելափակված են մնում սեփական տներում։





























